Աշխատանքի եւ սոցիալական հարցերի համեմատաբար նոր նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 10-ին բավական հետաքրքիր պատասխան է տվել լրագրողների հարցին, թե ինչու հայտարարված բարեփոխումներին եւ տնտեսական աճին զուգահեռ չի նվազում աղքատության ցուցանիշը:
«Եթե մենք խոսում ենք աղքատության մակարդակի մասին, բնակչության թվաքանակի մասին և նպաստ ստացող բնակչության թվաքանակի մասին, այ հենց այս թվաքանակի շրջանակներում էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը», հայտարարել է նախարարը:
Կարծես թե նրան ուղղված հարցը կոնկրետ է, բայց ի՞նչ պատասխանի նախարարը: Ինչպե՞ս ասի, որ բարեփոխումներն ու տնտեսական աճն աղքատների թիվ չեն նվազեցնում, որովհետեւ բարեփոխումների քաղաքականություն կոչվածն ընդամենը տնտեսական ռեսուրսների վերաբաշխում է, իսկ տնտեսական աճն էլ ընդամենը ենթադրում է օլիգարխական համակարգի առանձին ներկայացուցիչների գրպանի պարունակության աճ:
Դրա համար էլ նախարարը լրագրողներին խորհուրդ է տալիս ինչ որ շրջանակներում փնտրել հարցի պատասխանը, անձամբ խուսափելով դրանից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում պետք է լիներ թերեւս ամենաակտիվ նախարարություններից մեկը, իսկ նախարարը, որ զբաղվում է այդ ոլորտով, պետք է լիներ Հայաստանի իշխանության ամենախոսուն դեմքերից մեկը, նկատի ունենալով, որ աշխատանքի խնդիրները եւ սոցիալական հարցերը Հայաստանում առանցքային նշանակություն, ռազմավարական նշանակություն ունեցող են:
Օրինակ, որեւէ մեկը հիշու՞մ է արդյոք, մտաբերու՞մ է արդյոք վերջին տարիներին աշխատանքի եւ սոցիալական ապահովության մի նախարարի, ով հիշարժան ելույթներ ունենար աշխատողների իրավունքների կարեւոր խնդրի, գործատուների՝ հատկապես խոշոր գործարարների, օլիգարխների ձեռնարկություններում աշխատողների շահագործման խնդրի մասին, ով բարձրաձայներ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցը, առաջարկեր դրա վերաբերյալ քաղաքական, համակարգային լուծումներ:
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը վերջին տասնամյակում ձեռքից ձեռք է անցել՝ այն ղեկավարել են թե ՀՀԿ-ականներ, թե ԲՀԿ-ականներ, թե ՀՅԴ-ականներ: Որեւէ մի կուսակցական ուժի պատկանելության նախարարի հիշո՞ւմ եք, որ բարձրացնել օլիգարխների մոտ շահագործվող մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը, դրանք ներառեր քաղաքական օրակարգի առաջնային դիրքերում, կամ փորձեր անել դա, եւ թեկուզ դրա համար ազատվեր պաշտոնից կամ պարզապես հրաժարական տար՝ հետագա քաղաքական կարիերան նվիրելով հենց այդ կարեւոր խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց հասարակական-քաղաքական հնչեղություն ապահովելուն:
Ընդհանրապես, աշխատանքի եւ սոցիալական ապահովության որեւէ նախարարի հետաքրքրե՞լ է այդ ամենը, սկսած չգիտես ումից, մինչեւ Արտեմ Ասատրյան:
Ասատրյանն օրինակ ասում է, թե ոչ թե փող չկա նպաստները բարձրացնելու, այլ մարդիկ պետք է աշխատեն: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն իր մոտ երեք միլիոն բնակչությունից ստանա ոչ թե նպաստառուի հոգեբանությամբ, այլ աշխատող, ստեղծագործ, իր պոտենցիալն իրացնող հասարակություն:
Բայց, դրա համար անհրաժեշտ է ոչ թե պարզ աշխատանք, այսինքն աշխատանք զուտ ֆիզիկական իմաստով, այլ արժանապատիվ աշխատանք, երբ մարդը աշխատում է ոչ իր արժանապատվության հաշվին, երբ աշխատանքը մարդու մոտ ներքին արժանապատվության, ներքին կազմակերպվածության, ներքին մշակույթի ձեւավորման գործընթացներ է առաջ բերում, ոչ թե զարգացնում է նրա մոտ կենդանական բնազդները կամ ձեւավորում է վիրավորվածություն գործատուից ու աշխարհից, երբ մարդը ստիպված է օրվա հացի համար նվաստանալ, գողանալ, քծնել եւ այլն:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարները երբեւէ մտածե՞լ են, թե ինչպես է փոխհատուցվում այդ անմարդկային աշխատանքը, արդյոք այդ մարդիկ բավարար վարձատրվում են դրա դիմաց:
Ընդհանրապես, բացի աշխատանքային տեսչություն կոչվածի ըստ էության ձեւական, արարողակարգային վերահսկողությունից, իրական որեւէ վերահսկողություն իրականացվո՞ւմ է, մասնավորապես օլիգարխների ձեռնարկություններում, առավել եւս, որ Հայաստանի տնտեսության չորս կողմում երեւի թե հենց միայն նրանց, ընդհանրապես բիզնեսի եւ իշխանության հետ սերտաճած գործատուների աշխատատեղեր են:
Որեւէ մեկը հիշո՞ւմ է արդյոք Հայաստանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի մի նախարար, որն աչքի է ընկել այդ հարցերի վերաբերյալ հետեւողական քաղաքական հրապարակային կեցվածքով, որը եղել է այդ առաքելությունը կրող վառ դեմք, որը ցուցաբերել է այդ առաքելությունը ստանձնելու հանրային ցանկություն:
Դա պետք է լինի երկրի՝ աշխատանքային իրավունքի եւ մարդկային արժանապատվության հետ կապված լրջագույն, համակարգային խնդիրներ ունեցող երկրի աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության դերը, դա պետք է լինի գոյության իմաստը, այլապես պետական կառավարման համակարգի մոխրագույնն առանց այդ կառույցի էլ բավականաչափ է: