Որևէ արտառոց բան չկա ԵՏՀ պաշտոնյայի հայտարարությունում, որում ասվում էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում:

 

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի հայտարարությանը, ասաց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

«Վերջապես Հայաստանի Հանրապետությունն ունի իր պետական սահմանները, որը ճանաչված է: Ճիշտ է, նա սահմանակից է Արցախի Հանրապետությանը, որը ճանաչված պետություն չէ, բայց այնուամենայնիվ, չի նշանակում, որ Հայաստանի սահմանները ճանաչված չեն»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, թե հիմա Հայաստանն է ուզում մտնել Մաքսային միություն, Արցախը նման հայտ չի ներկայացրել:

 

«Այստեղ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնում, քանի որ՝ իրոք, մենք նման հայտ չենք ներկայացրել: Այս հայտարարությունը պետք է նման տեսանկյունից մեկնաբանել և իրավիճակը դիտարկել այնպիսին, ինչպիսին որ կա»,-հայտարարեց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակը:

 

Հարցին, թե եթե Հայաստանն, այնուամենայնիվ, անդամակցի միություններից որևէ մեկին, ի՞նչ կանի այդ դեպքում Արցախը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման հարց դեռևս դրված չէ օրակարգում, և մենք գիտենք, որ այսպիսի հարցերի բարձրացումն ավելի շուտ կլինի սպեկուլյացիա, քան իրականությանը մոտ ինչ-որ բան: Պետք է ավելի իրատեսական լինել, քանի դեռ կարգավորված չեն հարաբերությունները Արցախի և Ադրբեջանի միջև, բնական է, որ հիմնական շեշտը պետք է դրվի ոչ նման հայտեր ներկայացնելու վրա»: