Անգլիական մամուլը Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած աղետի լուսաբանումներում մեծ տեղ է հատկացրել նաեւ այդ ողբերգության հնարավոր քաղաքական ազդեցություններին:

 

The Guardian թերթը, որն իր էջերից մեկն ամբողջությամբ նվիրել է Սոմայի աղետին, դրա պատճառով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաներին, հատկապես, վարչապետ Էրդողանի եւ նրա խորհրդական Յուսուֆ Յուրքելի կողմից երկու հանքափորների ծեծի ենթարկելու միջադեպերին, ուշադրության է հրավիրել վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական կառավարության նկատմամբ հանրության մեջ առաջացած դժգոհություններին:

 

Թերթը հավանական է համարում, որ Սոմայի աղետը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ Էրդողանի համար: «Անցյալ ամռանը Գեզի այգու հետ կապված բողոքի ակցիաները եւ Էրդողանի ընտանիքի անդամների մասնակցությամբ դեկտեմբերին բացահայտված ապօրինությունների պնդումների ու կոռուպցիոն սկանդալից հետո եկած բողոքի այս նոր ալիքը կարող է ի չիք դարձնել Էրդողանի երկրի նախագահ ընտրվելու հավանականությունը: Էրդողանի' Թուրքիայի նախագահ դառնալը կարող է նրա համար երազանք մնալ», -գրում է The Guardian-ը:

 

Անգլիական The Economist-ը Սոմայի աղետը ներկայացրել է «Ստորգենյա մահ. Սոմայի ողբերգությունը զգացվում է նաեւ քաղաքականության մեջ» վերնագրով: Հոդվածում թերթը նշում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկրի պատմության մեջ ամենավատ արդյունաբերական վթարից հետո կանգնել է ժողովրդի ցասմանը դեմ դիմաց: «Աղետը կարող է անցյալ ամռանը երկիրը ցնցած բողոքների նման նոր ցույցերի ճանապարհ բացել: Դրանք շատ տխուր լուրեր են մարտի 30-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում տարած հաղթանակով ուրախացած եւ հայացքը օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտ րություններին սեւեռած Էրդողանի համար», -նշում է թերթը: Սոմայի ածխահանքում աղետի հետ կապված նմանատիպ կարծիքներ են հայտնել նաեւ անգլիական The Independet, The Financial Times, The Times թերթերը: