1in.am Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմենուհի Այվազյանի (անուն-ազգանունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

 


Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

 


Արմենուհին մեղավոր է ճանաչվել հարազատ եղբորը դիտավորությամբ սպանելու, ինչպես նաև սպանությունից երկու ամիս առաջ նույն եղբոր առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

 


Այս 2 ծանր հանցագործությունների համար Արմենուհին վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

 


Մեղադրողի խոսքով՝ դատավճռի հրապարակումից հետո Արմենուհին շնորհակալություն է հայտնել դատարանին: Ու մեղադրողը զարմացած էր, որ նման արարքների համար նման մեղմ պատիժ սահմանած դատավճիռը բողոքարկվել էր պաշտպանի կողմից:

 


Բայց մեղմից մեղմն էլ է լինում, առավել ևս, որ Արմենուհու շահերի պաշտպանը՝ փաստաբան Մխիթարյանը, երեք պահանջ էր միավորել մեկ բողոքում. մեղսագրված արարքների համար արդարացանել Արմենուհուն, կամ մեղսագրված արարքները վերաորակել որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքներ, կամ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ևս սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

 


Եղբորը սպանելու համար ամբաստանյալ Արմենուհին իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, իսկ նույն եղբորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար իրեն բոլորովին մեղավոր չի ճանաչել:
Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստի ամբողջ ընթացքում Արմենուհին լարված էր՝ պրկված լարի էր նման: Նրա դեմքը կասկածոտ արտահայտություն էր ստացել այդ լարվածությունից:
Զղջման որևէ խոսք չասաց: Եղբոր մահվան պատճառը լինելու համար ցավ չարտահայտեց:

 


Ընդհանրապես՝ այս ներընտանեկան գործով տուժող կողմ չկար, չկար տուժողի իրավահաջորդ:
Մարդ արարածը զրկվել էր կյանքից իր հարազատի ձեռքով: Եվ չկար գեթ մեկ հարազատ, որ նրա մահվան համար ցավ ապրեր կամ դատարան ներկայանար՝ որպես սպանվածի իրավահաջորդ…

 


2012 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործ էր հարուցվել Արմենուհու կողմից եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա որոշմամբ Արմենուհու եղբայր Գագիկը (անունը փոխված է) տուժող էր ճանաչվել:
Հոկտեմբերի 27-ին Արմենուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 


Սա այն դեպքն էր, որ ավելի լավ լիներ, գուցե, եթե մեղադրյալի խափանման միջոցը այլ լիներ, եթե նա չշարունակեր նույն հարկի տակ ապրել դանակահարված եղբոր հետ, քանզի նրանց առճակատումներն ամենօրյա էին, յուրաքանչյուր առճակատումը կարող էր ավարտվել նոր հանցավոր արարքով…
Այդպես էլ եղել էր: Բայց սկզբում՝ նոյեմբերի 7-ին, հարուցվել էր քրեական գործ՝ այդ անհանգիստ ընտանիքի մյուս անդամի՝ Արմենուհու մյուս եղբայր Նորիկի (անունը փոխված է) կողմից իր եղբայր Գագիկի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս գործը հետագայում կարճվել է կողմերի հաշտության հիմքով:

 


Նոյեմբերի 18-ին արդեն քրեական գործ է հարուցվել Արմենուհու կողմից իր եղբայր Գագիկին դիտավորյալ սպանելու փաստի առթիվ:

 


40-ամյա Արմենուհին ամուսնացած չի եղել, ապրել է հայրական տանը:

 


2012 թվականի սեպտեմբերի 12-ին եղբոր՝ Գագիկի ստացած վնասվածքների համար Արմենուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե եղբայրն ինքն է դանակով հարվածել սեփական կրծքավանդակին, ցանկացել է, իբր, ինքնասպան լինել:

 


Սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ինքնավնասման հետևանքով նման կարգի վնասվածքների ստացումը Գագիկի կողմից բացառվել է, հաստատվել է, որ Գագիկին այլ մարդ է դանակահարել: Գործով ձեռք բերված ապացույցներով, հենց իր՝ այն ժամանակ ողջ մնացած Գագիկի ցուցմունքով՝ Արմենուհին է եղել եղբորը դանակահարողը…

 


Արմենուհին հայտնել է, թե եղբայրը Ռուսաստանում սպանության համար 15 տարի կալանքի տակ է եղել: Հայաստան է վերադարձել 2011 թվականին: Բնակվել է հայրական տանը:
Ահա սա է եղել այս ընտանիքի «գլխավոր» ցավը: Տան հարց է եղել, հայրական տանը տեր լինելու, այնտեղ ապրելու հարց, որ չամուսնացած քույրն ու տարիներով օտար ափերում թափառած եղբայրը խաղաղությամբ չեն կարողացել լուծել: Այս ընտանիքում Գագիկի վերադարձի համար չեն ուրախացել, «անառակ որդու վերադարձը» ուրախությամբ չի նշվել:

 


Ըստ Արմենուհու՝ եղբայրը մշտապես հարբեցողությամբ է զբաղվել, չի աշխատել, ծխախոտի ու խմիչքի փողն իրենցից է ուզել: Հարբած ժամանակ Գագիկը, ըստ Արմենուհու, ծեծել ու ստորացրել է իրեն ու մորը, կոնֆլիկտների մեջ է եղել իրենց մյուս եղբոր՝ Նորիկի հետ:

 


Համատեղ ապրելու ընթացքում Գագիկը, Արմենուհու ասելով, սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ ու բազմիցս ծեծել է իրեն, որովհետև ինքը միշտ մերժել է նրան:

 


Գագիկը, ըստ Արմենուհու, պահանջել է կամ աղջիկ գտնել իր համար, կամ բավարարել իր սեռական ցանկությունները: Նա ասել է. «40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»:

 


Եթե նման պահանջները պարբերաբար կրկնվել են, ապա քույրը կարող էր եղբոր հետ նույն հարկի տակ չապրել, կարող էին, ասենք, վաճառել հայրական տունը, յուրաքանչյուրն իր մասնաբաժինը կարող էր վերցնել: Բայց Արմենուհու ներկայացնելով՝ եղբոր անբարո վարքագիծը իրեն դրդել է… անգամ ինքնասպան լինել, միայն թե մորը խղճացել ու նման բան չի արել:

 


Բողոքել է ոստիկանություն: Իրենց հորդորել են հաշտվել, խաղաղ ապրել:

 

Շարունակությունն ասյտեղ: