ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Թոունսը մեղադրվում է Ադրբեջանի շահերի օգտին լոբբի անցկացնելու համար 10 հազար դոլար կաշառք ստանալու մեջ: Այս մասին հայտնում է Channel5 հեռուստաալիքը:

 

Ջո Թոունսը Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին, որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգություն «ապահովող» եւ Աֆղանստանում խաղաղարար գործողությանն աջակցող, ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից երկրի, պաշտպանելու կարեւորությունն ընդգծող բանաձեւ: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է սպառնալ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ կոչ անում ԱՄՆ-ին մեծացնել այն կարգավորելու ջանքերը:

 

Հեռուստաալիքը փորձել է պարզել, թե ինչու է սեւամորթ կոնգրեսականն նման անակնկալ բանաձեւ առաջադրել եւ ինչ հետաքրքրություններ է նա հետապնդում:

 

Հեռուստաալիքի հետ զրույցում Ջո Թոունսն անսպասելիորեն խոստովանել է, որ բանաձեւի տեքստը ստացել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը, դրա հետ միասին հերքելով, որ որեւէ անձնական շահ է հետապնդել:

 

Հեռուստաալիքը սեփական հետաքննությունն է անցկացրել եւ պարզել, որ բանաձեւի առաջադրումից երկու շաբաթ առաջ Թոունսը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր նրա ընտրական արշավի համար 10 հազար դոլար են նվիրաբերել:

 

Կոնգերսական Թոունսը սկզբունքորեն չի հերքել իր ընտրական արշավի համար միջոցներ հավաքագրելու մասին լուրը, սակայն, հրաժարվել է նշել, թե հատկապես որ կազմակերպությունից է ստացել այդ 10 հազար դոլարը:

 

Հեռուստաալիքին հաջողվել է պարզել, որ ադրբեջանամետ կոնգրեսականի ընտրական արշավի համար միջոցները փոխանցել են Հյուստոնում գտնվող ադրբեջանա-թուրքական մշակութային կենտրոնի անդամները: Կենտրոնի 7 անդամները միջին հաշվով 100-1500 դոլար են փոխանցել կոնգրեսմենի ընտրական արշավի համար:

 

Հեռուստաալիքը նաեւ հայտնել է, որ այդ մշակութային կենտրոնը կազմակերպում է կոնգրեսական Թոունսի պարբերական այցերը Բաքու:

 

Ամերիկացի կոնգրեսականի' Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքի մասին հեռուստաալիքի բացահայտումը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Բաքուն մեծ ֆինանսական միջոցներ է ներդնում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ադրբեջանամետ բանաձեւեր առաջ տանելու համար, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ ամերիկյան որոշ նահանգներ անհեթեթ բանաձեւեր են ընդունում' կապված ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ: