Հարավային Կորեայի նախագահ Պակ Կիմ Հեն ներողություն է խնդրել «Սևոլ» լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների հարազատներից: Այդ մասին հաղորդել է Channel News Asia սինգապուրյան թերթը:

 

«Ես դարձյալ ներողություն եմ խնդրում իշխանությունների անբավարար գործողությունների համար: Ես մտադիր եմ հասնել այն բանին, որ էական բարեփոխումներ կատարվեն անվտանգության ոլորտում, որպեսզի բացառվի նմանօրինակ ողբերգության կրկնվելը»,- հայտարարել է նա զոհվածների մերձավորների հետ կայացած հանդիպմանը:

 

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահն արդեն ներողություն խնդրել է, սակայն դա արել է նախարարների կաբինետի առջև, ինչը քանիցս քննադատության է ենթարկվել:

 

«Նախագահի հետ հանդիպումից առաջ զոհվածների ընտանիքները հայտարարություն էին արել, որում կոչ էին արել Պակ Կին Հեին՝ ողբերգության անկախ հետաքննություն անցկացնել և պատժել լաստանավի խորտակման մեղավորներին: Հարավային Կորեայի շատ բնակիչներ այն կարծիքին են, որ երկրի իշխանություններն անբավարար ուշադրություն են դարձնում տրանսպորտի անվտանգության հարցերին, ինչը և կարող էր աղետի անուղղակի պատճառ դառնալ:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր խորտակված «Սևոլ» լաստանավի երրորդ և չորրորդ տախտակամածների վրա կատարված որոնողական աշխատանքների ընթացքում ջրասուզակները հայտնաբերել են ևս երեք մարդու մարմին, ներառյալ անձնակազմի անդամ Յան Դե Հոնին: Արդյունքում՝ ողբերգության զոհերի հաստատված թիվը հասել է 284-ի, ևս 20 մարդ համարվում է անհայտ կորած:

 

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնող «Սևոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարևմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղևոր և անձնակազմի անդամ, ընդ որում նրանց մեծ մասը Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիներ էին: Նավաբեկությունից հաջողվել է փրկվել 172 մարդու: