ffa.am/Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում' ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ Սերգեյ Ֆուրսենկոն:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը

Համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգարժան հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում:

Ուզում եմ հակիրճ ներկայացնել այն կարեւորագույն եւ առաջնային խնդիրները, որոնք լուծել ենք այս ընթացքում՝ հետեւելով ֆուտբոլի զարգացման մեր ծրագրային քաղաքականությանը:

Ինձ համար հիմնական եւ ֆունդամենտալ խնդիրը իմ պաշտոնավարության բոլոր տարիներին եղել է եւ մնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների, ժամանակակից մանկապատանեկան ֆուտբոլի ստեղծումը եւ զարգացումը, ազգային հավաքական թիմերի առջեւ դրվող խնդիրների իրագործման համար հիմքերի շարունակական ապահովումը:

Կարեւոր եմ համարում նաեւ նպաստավոր համագործակցությունը ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կառույցների հետ, միջազգային կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելը, ֆուտբոլի մասսայականացումը, ազգային առաջնության հետեւողական զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը:

Անցյալ տարի, երբ գումարում էինք մեր ընդհանուր ժողովը, նշեցինք, որ Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցումից հետո ֆուտբոլը նոր զարգացում կարող է ապրել ամբողջ Շիրակի տարածաշրջանում:

Այդ ժամանակ մենք նոր էինք սկսել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը:

Այսօր կարող եմ բոլորիդ տեղեկացնել, որ Գյումրիում արդեն ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Շիրակի տարածաշրջանի համար ստեղծվել է նախադեպը չունեցող ժամանակակից ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որի հանդիսավոր բացմանը կմասնակցենք առաջիկայում:

Այսօր արդեն Գյումրիում ունենք 8 հեկտար տարածություն զբաղեցնող, արհեստական 2 եւ բնական խոտածածկով 6 խաղադաշտերով, մարզչական, մրցավարական եւ այլ ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող 400 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եռահարկ կառույցով այնպիսի ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որ Գյումրին երբեք չի ունեցել:

Վստահ եմ, որ այն նոր զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլի համար:

Այն մեծ նշանակություն է ունենալու Շիրակի ողջ տարածաշրջանում ֆուտբոլի եւ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի կայացման համար:

Գյումրիի ակադեմիան մեծ դեր է ունենալու նաեւ, ընդհանրապես, այդ տարածաշրջանի մարզական կյանքում: Ճիշտ կառավարելու, տնօրինելու եւ շահագործելու դեպքում, իսկ հակառակը ես երբեք թույլ չեմ տա, այն նաեւ կարեւոր տնտեսական եւ սոցիալական նշանակություն է ունենալու մեր երկրի հյուսիսի համար:

Մեր նախորդ համաժողովից հետո մենք շահագործմանն ենք հանձնել նաեւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով եւ սպասարկման շինություններով նորակառույց մարզադաշտը:

Այդ իրադարձությունից օրեր անց, արհեստական խոտածածկով եւ 400 տեղով ծածկած տրիբունայով հերթական խաղադաշտն է բացվել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիում: Օրեր առաջ նորակառույց մարզադաշտ բացվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում:

Մենք սկսել ենք նաեւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարական աշխատանքները: Առաջիկայում մենք զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածք կունենանք նաեւ մեր երկրի այս տարածաշրջանում:

Դրա արդյունքում ինչպես Վանաձորը, այնպես էլ ամբողջ Լոռվա տարածաշրջանը կունենան ֆուտբոլի զարգացման լուրջ հեռանկարներ, մարզական կյանքը, տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նախադրյալներ:

Ես մշտապես ասել եմ, որ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ կարող ենք նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային տնտեսության զարգացմանը Հայաստանում:

Սա միակ երաշխիքն է, որ ապագայում կարող ենք ունենալ զարգացած ֆուտբոլային համակարգ եւ նոր մտածողությամբ ֆուտբոլային սերունդ:

Մեր այս քաղաքականությունն իրեն արդեն զգացնել տվել է: Դրա հետեւանքները նկատվում են ինչպես բոլոր տարիքային ազգային հավաքական թիմերի մակարդակով, այնպես էլ մանկապատանեկան ֆուտբոլում մասնակիցների ընդգրկված լինելու մեծ աճով:

Այս ամենը ավելի ակնհայտ կմիջամտի հայկական ֆուտբոլին առաջիկայում, որովհետեւ ֆուտբոլը տարիների ներդրում է պահանջում:

Իսկ այս ներդրումները հնարավոր է իրականացնել միայն կայուն եւ երկար ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Ինչպես կտեսնեք քիչ հետո ներկայացվող ֆինանսական հաշվետվությունից, այդ խնդիրը եւս կարողացել ենք բավական հաջողությամբ լուծել:

ամաժողովի հարգելի մասնակիցներ

Անցյալ տարի, մեր ընդհանուր ժողովի գումարման օրերին Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ հորիզոնականը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:
Իհարկե, այս արդյունքը չի կարող ինձ բավարարել: Իհարկե, ես սա արդյունք չեմ համարում, որովհետեւ հավաքականի առջեւ խնդիր էր դրված դուրս գալ եզրափակիչ փուլ: Բայց եւ չեմ կարող չնշել, որ ազգային հավաքականի մասով կատարվել է հսկայական լուրջ աշխատանք:

Շարունակությունը` այստեղ