Հայաստանի կառավարությունը նախատեսում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կառավարությունը կնպաստի ոլորտում տարեկան 30-60 նոր ընկերությունների ձևավորմանը: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որի հաստատման հարցն ընդգրկված է մայիսի 19-ին հրավիրված գործադիր մարմնի արտահերթ նիստում:

 

Նախատեսվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացնել անլար (WiFi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրում, որի արդյունքում արդեն 2015 թվականին կապահովվի ինտերնետ հասանելիությունը լրացուցիչ շուրջ 340 սահմանամերձ և բարձր լեռնային գյուղական համայնքներում:

 

Տեղի ուսումնական հաստատությունների ներգրավմամբ կիրականացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը' արդյունքում ապահովելով տարեկան 300 տեխնոլոգիական բարձրորակ մասնա­գետների պատրաստում և վերապատրաստում, տարեկան մոտավորապես 20 թիմերի և ընկերությունների համար միաժամանակյա ինկուբացիոն հնարավորությունների ձևավորում, տարեկան շուրջ 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

 

Առաջիկա երեք տարիների կհիմնվի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որի գործարկման առաջին իսկ տարում ակնկալվում է տեղի ուսումնական հաստատությունների ներգրավմամբ ստեղծել 2 կրթական/հետազոտական լաբորատորիա' ՏՏ-ի և ինժեներինգի ուղղվածությամբ, 200 աշխատատեղ և շուրջ 20 թիմեր ու ընկերություններ:

 

ԱՄՆ-ում կստեղծվի հայկական ՏՏ-ի և բարձր տեխնոլագիաների վաճառքի ներկայացուցչություն: Կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Հայաստանում կհիմնվի IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, կիրականացվեն «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնների ծրագրեր:

 

Կստեղծվի «mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա, իսկ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի (ANEL) ծրագրի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտավորապես 800-900 մասնագետի, շուրջ 800 ուսանողների, 2000 բարձրորակ ինժեներների վերապատրաստում և մինչև 20 թիմերի ձևավորում:

 

Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի հիմնման ծրագրով նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում' ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

 

ՏՏ բնագավառում վերջին տարիներին Հայաաստանում տարեկան ապահովվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ: