Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն մայիսի 19-ին ազգային հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ եւ հայտնել, որ «Սեւոլ» լաստանավի հետ տեղի ունեցած ողբերգության պատճառով մոտ ժամանակներս կկազմացրվի երկրի առափնյա պահպանության ծառայությունը, դրա հիմքի վրա կստեղծվի ազգային անվտանգության նախարարություն, տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:

 

«Առափնյա պահպանության փրկարար գործողությունը սխալ էր»,- ասել է Պակ Կին Հեն: Նախագահը նաեւ նշել է, որ առափնյա պահպանության գործառույթները կփոխանցվեն ոստիկանությանը եւ նոր նախարարությանը:

 

Հարավային Կորեայի նախագահը հերթական անգամ ներողություն է խնդրել «Սեւոլ»-ի խորտակման հետեւանքով զոհվածների ընտանիքներին: «Փրկարար աշխատանքները ճիշտ չկազմակերպելու վերջնական պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- ասել է նա:

 

«Սեւոլ» մարդատար լաստանավը, որի վրա գտնվում էր 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին: Հաջողվել է փրկել 171 մարդու:

 

Նավաբեկության գործով ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցներ, որին պատկանում էր լաստանավը, անձնակազմի անդամներ եւ Կորեայի նավագնացության ընկերակցության աշխատակիցներ: Նրանց կասկածում են անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: