«ԲՀԿ-ի օրակարգում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ մանդատից հրաժարվելու հարց չկա»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել, եթե ինքը կամ իր տղան մասնակից լիներ այդ միջադեպին, այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել: Կարո Կարապետյանը հստակ պարզաբանում տվել է իր որդու հետ կապված, մնացածն իրավապահների գործն է: Եթե պատգամավորի մերձավորներից մեկը միջադեպին մասնակից է եղել, ապա ԲՀԿ-ի տեսակետն այն է, որ յուրաքանչյուր ոք պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց խմբակցության քարտուղարը:

 

Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մերձավորներին առնչվող հարցերում իրավապահ համակարգն ամեն ինչ կանի, որ մեղավորները պատժվեն:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը մայիսի 17-ին' ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը' 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեթևն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

 

Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է:

 

Նշենք, որ հնչած կրակոցների հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: