Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մայիսի 18-ին զինյալների հետ բախումների հետևանքով 2 մարդ են զոհվել, ևս 55-ը' վիրավորվել: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ Լիբիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ են առևանգվել: Լիբիայի Արդարադատության նախարարը հաստատել է զոհերի և վիրավորների փաստը' ավելացնելով, որ դեպքերը որևէ կերպ չեն առնչվում Բենղազի քաղաքում տեղի ունեցածի հետ: Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է Լիբիայի խորհրդարանի վրա հարձակման լուրը, ինչի հետևանքով պատգամավորներ են առևանգվել: Տեղեկություններ էին ստացվել, որ առևանգվել է նաև խորհրդարանի նախագահը, սակայն լուրը հետագայում հերքվել է:

 

Հակասական տեղեկություններ են շրջանառվում, թե ովքեր են իրականացրել հարձակումը: Առավել հաճախ հնչում են «Ալ Կաակա» և «Սաուաիկ» խմբավորումների անունները:

 

Լիբիական բանակը հայտարարել է, որ Լիբիայի ժամանակավոր խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքները:

 

Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Լիբիայի Բենղազի քաղաքում զինծառայողների և իսլամիստների միջև բախումների զոհ են դարձել 79 մարդ: Բացի այդ, վիրավորվների թիվը հասել է 141-ի, իսկ 13 մարդ անհետ կորած են համարվում:

 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ալժիրը Լիբիայում փակել էր իր դեսպանատունը և հյուպատոսարանները: