Հայաստանի նոր կառավարությունը նախատեսում է շարունակական ծրագրեր՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվա­զեց­նելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում: Գործադիրը նախատեսում է կենսաթոշակների շարունակական աճ, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լիարժեք գործարկում, որը պետության, գործատուների և աշխատող քաղաքացիների մասնակցությամբ աստիճանաբար ապահովելու է աղքատության գծից բարձր կենսաթոշակ: Կիրականացվեն կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման շարունակական աշխատանքներ, այդ թվում' «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի միջոցով' նպաստելով կենսաթոշակառուի և ծառայություններ մատուցող օղակների միջև շփումների նվազեցմանը:

 

Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ միայնակ տարեցների կյանքի որակի բարելավման, արժանապատիվ կենսապայմանների ապահովման և նրանց տրամադրվող խնամքի ու սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրման համար:

 

Նախատեսվում է պետական նպաստների համակարգի օպտիմալացում և համապատասխանեցում միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին՝ ապահովելով նպաստների չափի աստիճանական բարձրացում՝ բնակչության առաջնային եկամուտների (կենսաթոշակ և աշխատավարձ) առաջանցիկ աճի պայմանով: