Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրը, որի օրակարգը հագեցած է լինելու: Նիստի մեկնարկին նախ քվեակության կդրվի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտի պահանջը:

 

Այունհետև կշարունակվի նախորդ օրն անավարտ մնացած հարցի քննարկումը: Մայիսի 19-ի նիստում անավարտ էր մնացել ՀՀ ԿԲ նախագահի նշանակման հարցի քննարկումը: Քննարկման ավարտից հետո տեղի կունենա ԿԲ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններն արդեն հայտարարել են քվեարկությանը չմասնակցելու մասին: ՕԵԿ խմբակցության պատգամավորներն ազատ կլինեն քվեարկության հարցում, իսկ ՀՅԴ-ն իր դիրքորոշումը, հավանաբար, կհայտնի քվեարկությունից առաջ:

 

Այնուհետև խորհրդարանը կքննարկի ՀՀ կառավարության նոր ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկումը նախատեսված էր իրականացնել մայիսի 19-ի նիստում, սակայն օրակարգի հագեցվածության պատճառով խորհրդարանը չհասցրեց քննարկել այն: Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները կառավարության նոր ծրագրի քվեարկության վերաբերյալ իրենց դիրքորոշումը դեռևս չեն հայտնել: