«Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետներ, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել «Վարչապետների ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված եմ, որ նախկին վարչապետների մեջ կան գործիչներ, որ իրենց գիտելիքներով, փորձով կօգնեն իրականացնել մեր ծրագիրը»,- այսօր Աժ-ում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Նա նշեց' իր ցանկությունն է, որ ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով, և այս հարթակը թույլ կտա նախկին վարչապետներին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հարց էր ուղղել վարչապետին, տեղից արձագանքեց. «Շնորհակալություն՝ ակումբ ստեղծելու համար: Մենք ժլատ չենք, կկիսվենք, միշտ էլ կիսվել ենք»,- նշեց նա: Աբրահամյանն էլ արձագանքեց, թե իր համար անհասկանալի է այն ուժերի պահվածքը, ովքեր չեն ուզում իրենց հետ համագործակցել, սակայն քանի դեռ իր համբերությունը չի հատել, շարունակելու է համագործակցության ձեռք մեկնել: