Սահմանադրական բարեփոխումները հետաձգելն ավելի բարդ խնդիրների կհանգեցնի: Նման համոզմունք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի» թեմայով հանրային քննարկման ժամանակ: «Սահմանադրականության ապահովման, անձի սոցիալական վարքագիծը, իշխանության, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագիծը կանոնակարգելու համար ես ձեռնամուխ եղա այս գործին: Մենք ոչ միայն կատարում ենք հարցադրումներ, այլ ստեղծում ենք մի համակարգ, որտեղ այդ բոլոր խնդիրներն ունեն լուծումներ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

Ուսումնասիրելով նախաքրիստոնեական շրջանից մինչև այսօր հայ հասարակության սահմանադրականության պատմությունը կոնկրետ դրսևորումների մեջ' Գագիկ Հարությունյանը եկել է այն եզրահանգման, որ հինգերորդ դարում ու դրանից հետո հայ ժողովուրդն ունեցել է սահմանադրական մշակույթի ավելի բարձր մակարդակ, քան այսօր: «Այսօր մենք ունենք ժողովուրդ, չունենք քաղաքացի: Մենք ունենք իրավիճակներ, որոնք հիվանդագին կարելի է համարել: Բուժման հիմնական մոտեցումն այն է, որ Սահմանադրությունը չպետք է հնարավորություն տա նման վիճակների առաջացմանը: Սահմանադրական բարեփոխումներին գնալու հիմնական խնդիրն այն է, որ մենք օբյեկտիվորեն ելնում ենք այսօրվա իրականությունից և գտնում ենք, որ սահմանադրական լուծումները պետք է Սահմանադրության անվտանգությունը երաշխավորեն, ներքին հակասությունները հաղթահարեն, ապահովվի համակարգային ամբողջականությունը, որ կարողանանք հաջորդ քայլին անցնենք»,- նշեց ՍԴ նախագահը:

 

Գագիկ Հարությունյանի խոսքով' սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այսօր առկա է կամ մերժողականություն, կամ հայեցողականություն, որը պետք է տանել ավելի լուրջ հարթություն: «Բարեփոխումների գործընթացը պետք է հիմա իրականացնենք, ու ես անձամբ համոզված եմ, որ այս փոփոխություններով պետք է ոչ թե զուտ տեսական դատողություններ շարադրենք, այլ կիրառական դրույթներ»,-ասաց ՍԴ նախագահը:

 

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը: Քննարկման թեման է՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները»:

 

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից' ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:

 

Սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետևյալ հիմնարար սկզբունքը' համաձայն որի. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք' պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը: