ffa.amԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, երեք ընկերական հանդիպում է անցկացնելու: Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:

Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:
Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին: