Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 160 հազարը: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող լոնդոնյան գրասենյակը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. մարտից մինչև այժմ Սիրիայում զոհվել է 162 հազար 402 մարդ, որոնցից 53 հազար 978-ը խաղաղ քաղաքացիներ են, այդ թվում՝ 8 հազար 607-ը' երեխաներ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր զինյալների զոհերի թվին, ապա այն կազմել է 42 հազար 701, այդ թվում՝ 13 հազար 500-ը «Ջաբհա ան Նուսրա»-ի և «ԴԱԻՇ» խմբավորումների անդամներ են:

 

Կառավարական ուժերի զոհերի թիվը կազմել է 61 հազար 170, որոնցից 37 հազար 685-ը զինվորներ են, իսկ 23 հազար 485-ը՝ կամավորական ջոկատներում կռվողներ:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, զոհվել են «Հըզբոլլահ»-ի 438 անդամ և սիրիական ուժերի կողմից կռվող 1224 զինյալներ:

 

Հրապարակվել են նաև 2 հազար 891 անուններ, որոնց ինքնությունը չի պարզվել:

 

Մինչ այդ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել էր 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ի: