Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով մեղադրանքի առաջադրման հետ կապված՝ ի սկզբանե տարակարծություն է եղել Լոռու դատախազության և քննչական բաժնի միջև, և մարզային երկու իրավապահ կառույցները կասկածյալներին մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և ուշագրավ է՝ միևնույն ամսաթվով: Lurer.com-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է այս փաստին:

 

2012 թվականի նոյեմբերի 22-ին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը ցուցում է տվել ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի արդեն նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանին՝ Շարբաթյանին դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում կայացնել՝ Արտակ Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, իսկ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

 

Նույն օրը, սակայն, Լոռու քննչական բաժնի արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն իր կողմից ցուցում է տվել Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արամ Մաթևոսյանին՝ չկատարել դատախազի ցուցումի պահանջները, և գործողությունները շարունակել իր ցուցումի համաձայն՝ Արտակ Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, իսկ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին՝ Քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 3-րդ մասով՝ սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

 

Այսպիսով՝ (միաժամանակ) Լոռու դատախազությունը Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի գործողությունները որակել է որպես խուլիգանություն, քննչականը՝ որպես խմբակային սպանություն և խմբակային խուլիգանություն: Նշված վերջին հոդվածներով էլ Լոռու՝ արդեն նույնպես նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից գործը փոխանցվել է դատարան:

 

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը, պարզվում է, շահագրգիռ է եղել մեղադրանքի հարցում, ինչի համար նույնիսկ օրենքն է շրջանցել: Ինքնաբացարկի փոխարեն՝ Շուշանյանը հսկողություն է իրականացրել Շարբաթյանի գործի նախաքննության օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ հորեղբոր տղան՝ հանրային պաշտպան Գարիկ Շուշանյանն էլ տուժողի իրավահաջորդի շահերն է ներկայացրել: Իր անձնական շահագրգռություններից ելնելով Լոռու քննչականի նախկին պետն ապօրինի ցուցում է տվել գործով քննիչին՝ չկատարել դատախազի ցուցումի պահանջները և գործողությունները շարունակել իր ցուցումի համաձայն, այն է՝ երեք անձանց մեղադրել խմբակային սպանության և խմբակային խուլիգանության կատարման մեջ: Բայց Շուշանյանը, անձանց մեղադրանք առաջադրելով, արարք որակելով, կալանքի ներկայացնելով և հետախուզում հայտարարելով՝ շրջանցել է օրենքի պահանջները, քանի որ քննչական բաժնի պետը նման լիազորություններ չունի: Իսկ քանի որ ուցումն ապօրինի է, ապօրինի են նաև դրանից հետո կատարված գործողությունները: