Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մայիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում' մայիսի 16-ին, Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում' Քաջարան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը թույլ զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում: Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ:

 

Մայիսի 15-ին Իրանի Ահար քաղաքից 48 կմ դեպի արևմուտք, մայիսի 19-ին Թուրքիայի Վան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք և մայիսի 20-ին Իրանի Մերենդ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք տեղի են ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություննե: Մայիսի 17-ին Ադրբեջանում տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Շեքի քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս մայիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մայիսի 15-ին 6.6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Միկրոնեզիայի Կարոլինյան կղզիների հատվածում: Այդ օրը Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Նույն ուժով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսային ափամերձ գոտում: Մայիսի 16-ին Գվադելուպայում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6 մագնիտուդ հզորություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: