Վրաստանի տարածքում փլվածքի պատճառով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով հայկական մոտ 40-50 բեռնատարներ են կուտակվել ՌԴ-Վրաստան սահմանից 200 կմ հեռավորության վրա: Դրանցում տարատեսակ ապրանքներ են, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ոչ բարենպաստ պայմաններում կարող են նաև փչանալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի միջազգային փոխադրումների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, տեղափոխվում է նաև կոնֆետ, շոկոլադ և բեռնափոխադրողները սառնարաններ են միացրել, որպեսզի ապրանքը չփչանա: «Այսօր առավոտյան խոսել եմ Վրաստանի իրավասու անձանց հետ, ովքեր վստահեցրել են, որ մոտավորապես հաջորդ շաբաթվա վերջին միայն հնարավոր կլինի վերացնել փլվածքի հետևանքները և բացել ճանապարհը»,- ասաց Համբարձումյանը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Անահիտ Առաքելյանից տեղեկացանք, որ Հայաստանից ուղևորվող մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ չեն մնացել ճանապարհներին, քանի որ հենց փլվածքի առաջին օրը պատշաճ իրազեկում է կատարվել և այդ ճանապարհից օգտվել պատրաստվողները հետաձգել են իրենց ճանապարհորդությունները: Իսկ ռուսական կողմում մնացած մեքենաները Վերին Լարսի անցակետին շատ մոտ չեն, քանի որ այդ հատվածում շատ մեքենաներ կայանել չեն կարող. դեպի Հայաստան ճանապարհի բացմանն սպասող բեռնատարները սահմանից 200 կմ հեռավորության վրա են' դեպի Պյատիգորսկ ուղու վրա: