Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը, ով Բաքու է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ թեեւ Ադրբեջանը վավերացրել է ԵԽ բանաձեւերի գերակշիռ մասը, սակայն, մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում խնդիրներ կան: Այս մասին ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, խորհրդարանի պատգամավորների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում:

 

Նա ասել է, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում առկա քաղաքական բանտարկյալների խնդրին, որոնց թիվն անցնում է 100-ը:

 

«Մի քանի շաբաթ առաջ ես Ադրբեջանի իշխանություններին խնդրել է իմ այցի ընթացքում հանդիպում կազմակերպել քաղաքական բանտարկյալների , այդ թվում' Իլգար Մամեդովի (ReAL շարժման առաջնորդ) հետ: Սակայն, այդ հանդիպումը չկայացավ: Եթե իմ հաջորդ այցին նրանք դեռ ճաղերի հետեւում լինեն, ես դարձյալ փորձելու եմ հանդիպել նրանց հետ», -ասել է Բրասյորը:

 

ԵԽԽՎ նախագահը ադրբեջանական կառավարությանը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում խոստացած բարեփոխումները չկատարելու համար: Բաքվում նրա արած քննադատություններն ու, հատկապես, հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով' ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման միջազգային սկզբունքների հիման վրա, զայրացրել է ադրբեջանական իշխանություններին: Բանը հասել է նրան, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել հայտարարութ յամբ, թե «ԵԽ-ն արդեն կորցնում է իր ազդեցությունը եւ շուտով կվերանա»:

 

«Եվրոպայի խորհուրդն արդեն կորցնում է իր ազդեցությունը: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է լինի Եվրոպայի Խորհրդի գոյության հիմնական պայմանը: Եթե այսպես շարունակվի նաեւ հետագայում, Եվրոպայի խորհուրդը կարող է վերանալ Եվրոպայի քաղաքական բեմից», -ասել է նա:

 

Ադրբեջանի իշխանությանը հատկապես զայրացրել է այն, որ ԵԽԽՎ-ը որոշում է կայացրել առաջիկա երկու տարում վեհաժողովների ոչ մի նիստ այլեւս չանցկացնել Ադրբեջանում: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տալ ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքին այն բանի համար, որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ հանդիպումներ ունեցել երկրի ղեկավարության հետ: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թ. հունիսի 1-ին: Այն չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրակա նացնելու պարագայում:

 

Նման որոշմամբ ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը ԵԽ տարածքում: