Աֆրիկա մայրցամաքից Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին թիմը, որ կմտնի պայքարի մեջ, լինելու է Կամերունի հավաքականը'«անսանձելի առյուծները»: Աֆրիկացիններն A խմբում են, ֆավորիտ չեն, բայց կմրցեն հիմնական ֆավորիտներից առաջինի' Բրազիլիայի հետ: Նրանք ուժերը կչափեն եվրոպացի խորվաթների և հյուսիսամերիկացի մեքսիկացիների հետ: Թե A խմբից ով կշարունակի պայքարը Ոսկե գավաթի համար , ցույց կտա ժամանակը, սակայն «անսանձելիներին» մեծ փորձություն է սպասում: Կամերունցիների համար առավելություն է բրազիլական տապին դիմանալը:

Կամերունցի ֆուտբոլիստները լավագույններից են Աֆրիկա մայրցամաքում: Վերջիններս նվաճել են Աֆրիկայի ազգերի գավաթը: Այս հաջողությունից զատ, «առյուծները» երրորդն էին 1972 թվականին, չորրորդն էին 1992-ին, իսկ 1986-ին և 2008 թվականներին հասնելով եզրափակիչ' անզոր եղան հաղթել:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին նկատելի հաջողությունը Կամերունը գրանցեց 1982 թվականին: Իսպանիայում կայանալիք առաջնությունում Կամերունը կրկին առաջին խմբում էր, սակայն խմբային փուլում առաջին երկու տեղերը զիջեց Լեհաստանին և Իտալիային: 1990 թվականին «անսանձելիներին» հաջողվեց հաղթահարել ոչ միայն որակավորման, խմբային փուլերը, այլ նաև 1/8 եզրափակիչում հաղթեց Կոլումբիային' մտնելով քառորդ եզրափակիչ: Այստեղ նրանց դեմն առան ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչները' անգլիացիները:

Հաջորդ երեք Մունդիալներին աֆրիկացիներն անցնում էին որակավորումը, սակայն մնում էին խմբային փուլում: 2006 թվականին, առհասարակ, անկարող եղան որակավորվել, իսկ 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ի ժամանակ իրենիցից առաջ թողեցին խմբի բոլոր մասնակիցներին' չվաստակելով ոչ մի միավոր:

2000 թվականին Կամերունի օլիմպիական հավաքականը վերելք էր ապրում: Տղամարդկանց պայքարում աֆրիկացիններն առաջինն էին և արժանացան ոսկե մեդալների: Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում' 2003 թվականին, «առյուծներն» արդեն երկրորդն էին:

Մեր օրերում կարծիք կար, որ Կամերունի թիմի «նավավարը» պետք է լիներ Սամուել Էտո′Օ-ն: Սակայն, ինչպես երևում է, ոչ Էտո′Օ-ի և ոչ էլ հավաքականի անդամների, ինչպես նաև Կամերունի ֆեդերացիայի ներկայացուցիչների «ջրերը մի առվով չեն հոսում»:

Տարաձայնություններ, տարաձայնություններ, որոնք չեն թողնում ստեղծել «անսանձելի» մի թիմ, որն, ինչու' ոչ, կարող էր և ֆավորիտների շարքում լինել:

Ինչևէ, Կամերունի հավաքականը Բրազիլիա կմեկնի այս կազմով.

Դարպասապահներ' Շարլ Իտանջ («Կոնյասփոր»), Գի Նդի Ասեմբե («Գենգամ»), Սամի Ն’Ջոք («Ֆետհիեսփոր»), Լոիկ Ֆեդջու («Կոտոն Սփոր»):

Պաշտպաններ' Ալան Նյոմ («Գրանադա»), Դանի Նունկեու («Բեշիքթաշ»), Սեդրիկ Ջեգուե («Կոտոն Սփոր»), Օրելիեն Շեդժու («Գալաթասարայ»), Նիկոլա Նկուլու («Մարսել»), Ժան-Արմել Կանա-Բիյիկ («Ռեն»), Անրի Բեդիմո («Լոն»), Բենուա Ասու-Էկետո (ՔՊՌ), Գաէտան Բոնգ («Օլիմպիակոս»):

Կիսապաշտպաններ' Էյոնգ Էնո («Անթալիասփոր»), Ժան Մակուն («Ռեն»), Ժոել Մատիպ («Շալկե»), Ստեֆան Մբիա («Սեւիլիա»), Լանդրի Նգեմո («Բորդո»), Ալեքսանդր Սոնգ («Բարսելոնա»), Ռաուլ Լոե («Օսասունա»), Էդգար Սալի («Լանս»):

Հարձակվողներ' Սամուել Էտո′Օ («Չելսի»), Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ («Մայնց»), Բենջամին Մուկանջ («Նանսի»), Վեբսան Աբուբաքար («Լորյան»), Պկեր Վեբո («Ֆեներբախչե»), Մոհամադու Իդրիսու («Կայզերսլաուտերն»), Ֆաբրիս Օլինգա («Զուլտե-Վերեգեմ»):

Թիմի գլխավոր մարզիչն է Ֆոլկեր Ֆինկը:

Կամերունի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 50-րդ տեղում է (583 միավոր):

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 19 ՕՐ