Այսօր' ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը' անդրադառնալով Գորիսի ընտրություններին և ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին, ասաց. «Ո′չ աղբերս ա, ո′չ հորեղբորս տղեն ա, ո′չ ազգակցական կապ ունենք»:

 

Հարցին, թե թեկնածուներից մեկին հենց ինքն է սատարում, և փաստորեն, նա էլ մնաց ընտրապայքարում, ի՞նչ կապ կա իր և թեկնածուի մեջ, արդյո՞ք նրանք ընկերներ են, ասաց. «Չէ, ինքը իմ տարիքին էլ չի, որ իմ ընկերը լինի, ինքն ընդամենը հարգված մարդ է»:

 

Հիշեցնենք, որ գրանցված թեկնածուները չորսն էին, սակայն նրանցից երկուսը ինքնաբացարկ են հայտնել' ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը:

 

Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Տիգրան Կարապետյանը «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է, և մարզպետն այս ընտրություններում սատարելու էր հենց նրան:

 

Այժմ թեկնածուները երկուսն են' ՀՀԿ-ի կողմից առաջադրված, «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցը և անկուսակցական, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Ցոլյանը:

 

Գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև մայիսի 29-ը: Նախընտրական քարոզարշավը Գորիսում մեկնարկել է մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 6-ը: