Սյունիքում ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին առնչող ընթացիկ հարցերը տեղում քննարկելու նպատակով մայիսի 23-ին հերթական անգամ Սյունիքում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Առաջին հանդիպումը կայացավ Սյունիքի մարզպետարանում՝ մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որին մասնակցեցին նաև փոխմարզպետ Աշոտ Մարդյանը և ընկերության «Հարավային տարածքային մասնաճյուղի» տնօրեն Ջիվան Մարգարյանը:

 

Քննարկվեցին մարզում ջրամատակարարման ոլորտում տիրող վիճակը և առկա խնդիրները, ինչպես նաև՝ ոլորտի բարելավման նպատակով ընկերության կողմից իրականացվող ծրագրերը: Մարզպետը կարևորեց մարզում ջրահեռացման համակարգի և խմելու ջրի որակի բարելամանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

 

Պատրիկ Լորենի և նրան ուղեկցող անձանց հաջորդ հանդիպումը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ու քաղաքապետարանի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ էր: Հանդիպման սկզբում քաղաքապետն անդրադարձավ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում վերջերս տեղի ունեցած սողանքին, որի պատճառը քաղաքի մայր ջրատարում առաջացած վթարի հետևանքով ջրի արտահոսքն է եղել: Քաղաքապետը հորդորեց կարճ ժամանակում սողանքի գոտում վերացնել բոլոր տեսակի վթարները՝ հետագա անցանկալի վիճակներից խուսափելու համար: Քննարկվեցին քաղաքապետարանի ու ընկերության միջև կնքած համաձայնագրի կետերին առնչվող հարցեր: Ընկերության ղեկավարին քաղաքապետն առաջարկեց քաղաքի կոյուղագծի խցանված հատվածներում կառուցել այն շրջանցող նոր կոյուղագիծ:

 

Պատրիկ Լորենը ներկայացրեց քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացման ներդումային ծրագրի առաջին փուլով կատարված աշխատանքները, ընթացքի մեջ գտնվող երկրորդ փուլի աշխատանքները և երրոդ փուլի ծրագրերը: Քաղաքապետը բարձրացրեց նաև քաղաքի տարածքում դիտահորերին կափարիչներ տեղադրելու հարցը: Նա նշեց, որ մոտ յոթ տասնյակ դիտահորեր քաղաքում առանց կափարիչների են, ինչը վտանգ է ներկայացնում բնակչության համար: Առաջարկվեց լուծել քաղաքի Կավարտ թաղամասում կոյուղագիծ կառուցելու խնդիրը: Ընկերության պատասխանատուները խոստացան ուսումնասիրել առաջարկը:

 

Հանդիպմանը կարևորվեցին բնակչության կողմից ջրի խմնայողության, ջրի կորուստների նվազեցման և քաղաքի ջրի մաքրման կայանի վերազինման հարցերը: Ձեռք բերվեց երկկողմ պայմանավորվածություն՝ նման հանդիպումները հաճախակի դարձնելու և քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: