Կառավարության նոր ծրագրում չկան թվեր, բայց դա չի նշանակում, որ ծրագիրը վատն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ծրագրում ներառված են շատ հավակնոտ քայլեր, որոնց իրականացմանը լուրջ պետք է նախապատրաստվել:

 

«էական չէ, թե ինչ թիվ կգրես: Կարող ես գրել 1000 թիվ, որոնք ոչ մի նշանակություն և որևէ ազդեցություն չեն կարող ունենալ կյանքի որակի վրա: Իսկ կարող ես չգրել թիվ, գրել ծրագիր, իրականացնել և այն որպես հիմք ծառայեցնել հետագա զարգացման համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը' հավելելով, որ ծրագրում մի շարք նորարարություններ կան, որոնցից անկախ ներդրումային հիմնադրամի ստեղծումը լրջագույն քայլ է: «Այդ տեսանկյունից հավակնոտ, լուրջ և դժվար կյանքի կոչվող ծրագիր է: Բայց այն խնդիրը, որ դրված է մեր առջև' պահանջում է լուրջ և ամենօրյա քրտնաջան աշխատանք: Ինչ վերաբերում է ընդդիմության գնահատականին' ընդդիմությունը նրա համար է, որ կառավարության ծրագիրը քննադատի և եթե չի քննադատում' արդեն հարց է ծագում' ընդդիմություն է' թե ոչ: