Մունդիալների պատմության մեջ յուրաքանչյուր հոլանդացու համար 1974 աշխարհի առաջնությունն ամենադաժաններից և անմոռանալիներից է: 70-ակակնների Նիդեռլանդների հավաքականում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Յոհան Կրուիֆը, Յոհան Նեսկենսը, Ռոբ Ռեսենբրիկը, Վիմ վան Հենգեմը, Ռուդ Կրոլը, Արի Հանը, Վիմ Սուրբիրը: Այդ առաջնությունում հոլանդացիները եզրափակչում 1-2 հաշվով պարտվեցին Գերմանիայի ֆեդերատիվ Հանրապետությանը: 4 տարի անց Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստները դարձյալ «ճախրում էին», սակայն «վերջին թռիչքի» ժամանակ ինչ-որ բան չբավարարեց: Այս անգամ հոլանդացիներին կանգնեցրին արգենտինացի ֆուտբոլիստները:

Նիդեռլանդների հավաքականի արդեն նոր սերունդը նույն իրավիճակում հայտնվեց նաև մոտ 40 տարի անց: 2010 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնության ժամանակ նրանք ցավալիորեն չեմպիոնական տիտղոսը զիջեցին վերջին մրցակցին, այս անգամ' իսպանացիներին: Արդյոք պատմությունը կկրկնվի՞, արդյոք հոլանդացիները կրկին կհայտնվե՞ն եզրափակչում, ցույց կտա ժամանակը: Սակայն վստահ կարելի է ասել, որ այս Մունդիալի ֆավորտներից մեկը հենց Նիդեռլանդների հավաքականն է:

Եթե Նիդեռլանդների բնակչությունը կազմում է մոտ 16 միլիոն, ապա նրանց գրեթե մեկ միլիոնն զբաղվում է ֆուտբոլով:

Նիդեռլանդների ազգային հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է դեռևս 1905 թվականին' 4-1 հաշվով հաղթելով Բելգիային: Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է դարպասապահ Էդվին վան դեր Սարը (130 հանդիպում), իսկ լավագույն ռմբարկուն Ռոբին վան Պերսին է' 42 գնդակ: Այս առաջնությանը հոլանդացիներն ընդգրկված են B խմբում' Իսպանիայի, Չիլի և Ավստրալիայի հավաքականների հետ:

Մունդիալներին հոլանդացիներն առաջին անգամ մասնակցել են 1934 թվականին, որն այնքան էլ արդյունավետ չեղավ թիմի համար: Նույն սցենարը կրկնվեց նաև 1938 թվականի ֆրանսիական առաջնությունում: Բաց թողնելով աշխարհի մոտ 6 առաջնություն' հոլանդական ֆուտբոլն սկսեց վերելք ապրել 1970-ականներից: 1990 թվականին Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ, հոլանդացիները F խմբի 1/16 եզրափակիչում զիջեցին Գերմանիային: Սակայն հաջորդ երկու առաջնություններում «նարնջագույնները» հասան մինչև քառորդ եզրափակիչ, նույնիսկ' կիսաեզրափակիչ: Բաց թողնելով ճապոնա-կորեական Մունդիալը' «թռչող հոլանդացիները», միևնույն է, միշտ էլ մնացին ԱԱ-ի ֆավորիտներից մեկը:

Աշխարհի 20-րդ առաջնությանը Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնում է հետևյալ կազմով.

Դարպասապահներ' Յասպեր Սիլեսեն («Այաքս»), Միխել Վորմ («Սուոնսի»), Թիմ Կրուլ («Նյուքասլ»), Յերուն Զուտ (ՊՍՎ),

Պաշտպաններ' Պաուլ Վերխագ («Աուգսբուրգ»), Պատրիկ վան Անհոլտ («Վիտես»), Դարիլ Յանմագ («Ֆեյենորդ»), Ստեֆան դե Վրեյ («Ֆեյենորդ»), Բրունո Մարտինս Ինդի («Ֆեյենորդ»), Տերենս Կոնգոլո («Ֆեյենորդ»), Ժոել Վելտման («Այաքս»), Դեյլի Բլինդ («Այաքս»), Ռոն Վլաար («Ասթոն Վիլա»), Քարիմ Ռեկիկ (Պ ՍՎ)

Կիսապաշտպաններ' Լերոյ Ֆեր («Նորվիչ»), Նայջլ դե Յոնգ («Միլան»), Յորդի Կլասի («Ֆեյենորդ»), Տոնի Վիլենա («Ֆեյենորդ»), Ջոնաթան դը Գուսման («Սուոնսի»), Ժորժինյո Վեյնալդում (ՊՍՎ), Ուեսլի Սնեյդեր («Գալաթասարայ»), Ռաֆայել վան դեր Վարտ («Համբուրգ»), Արյեն Ռոբեն («Բավարիա»)

Հարձակվողներ' Քվինսի Պրոմես («Տվենտե»), Ժան-Պոլ Բեոտուիս («Ֆեյենորդ»), Ռոբին վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ»), Կլաս-Յան Հունտելար («Շալկե»), Դիրկ Կայտ («Ֆեներբախչե»), Ջերմեյն Լենս («Դինամո»), Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ):

Գլխավոր մարզիչ' Լուի վան Գալ:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Նիդեռլանդների հավաքականը 15-րդ տեղում է (967 միավոր):

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 16 ՕՐ