Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել հայազգի ֆուտբոլիստ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երբ Մարկո Ռոյսից ստացա գնդակը, մտածեցի. «Պահը հասունացել է, եթե չխփեմ այս գոլը, կարող եմ հավաքել իրերս ու ետ գնալ տուն»: Եվ երբ գնդակն անցավ դարպասից ներս, ասացի ինքս ինձ. «Ինչո՞ւ այստեղ կարող եմ, իսկ «Ռեալ» Մադրիդի դեմ խաղում' ոչ»,- կայքին պատմել է ֆուտբոլիստը' անդրադառնալով «Ռեալի» դեմ խաղին, «Բորուսիա» տեղափոխվելու դժվարություններին և իր ունեցած հաջողություններին: Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո այս կարճ ժամանակաշրջանը 25-ամյա հայազգի ֆուտբոլիստի համար համեմված էր վերելքներով և վայրէջքներով:

Մխիթարյանը խոստովանել է, որ ամենից դժվարն իր համար գերմանական ֆուտբոլին հարմարվելն էր: Ըստ նրա' «Շախտյորի» խաղաոճն ամբողջովին տարբերվում է այն ֆուտբոլից, որ Գերմանիայում են խաղում: ««Շախտյորի» խաղերը սովորաբար միշտ նույն ձևով էին ընթանում' հակառակորդ թիմը սովորաբար ակտիվ պաշտպանվում էր, իսկ գնդակը միշտ «Շախտյորի» խաղացողների մոտ էր, և եթե մենք խփում էինք առաջին գնդակը, ապա խաղի ելքը մեծամասամբ արդեն որոշված էր լինում: Գերմանիայում այդպես չէ: Թիմերը հավասար հնարավորություններ ունեն, և անգամ ներքևի շարքերում գտնվող թիմերը կարող են մեծ ճնշում գործադրել… «Բորսուսիան» նաև հաճախ փոխում է խաղի մարտավարությունը, ինչը 100 տոկոսանոց զգունություն և պատրաստվածություն է պահանջում: Կարևորն այն է, որ ես շարունակում եմ աշխատել ինձ վրա: Կյանքում դու պետք է պատրաստ լինես ամեն օր նոր բան սովորելու, և դա հատկապես ինձ է վերաբերում»,- բացատրել է նա:

«Բորուսիայի» կազմում նրա դեբյուտային հարվածները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի ժամանակ էին, որից հետո նոյեմբերից հունվար կայացած ութ խաղերում Մխիթարյանը մասնակցություն չի ունենում թիմի խփած գոլերում, ապա' այդ ապշեցուցիչ հաղթանակը Մյունխենում: Իսկ մայիսի 17-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ խաղի 60-րդ րոպեին նրան փոխարինեցին վնասվածքի պատճառով, և հավելյալ ժամանակահատվածում «Բորուսիան» 2-0 հաշվով պարտություն կրեց «Բայերից»: Սակայն հայ ֆուտբոլիստի համար ամենամտահոգիչը «Ռեալի» դեմ խաղն էր : «Դա իմ կյանքի տխուր պահերից էր,- Մխիթարյանն ասել էր welt.dereflectively թերթին տված հարցազրույցում,- խաղը դիտող մարդիկ հավանաբար կարծում էին' ես փորձում եմ բաց թողնել գնդակը, բայց իրականում դաշտում ես ամենաշատն էի ցանկանում գոլ խփել: Սակայն, երբեմն կյանքն այսպես է դասավորվում»:

Չնայած հիասթափությանը' Մխիթարյանը կարողացավ վերականգնել հավատն իր ուժերի և կարողությունների հանդեպ, որոնք առաջին հերթին ստիպել էին «Բորուսիային» պայմանագիր ստորագրել իր հետ: «Հայկական ասացվածք կա' «Աստված երբեմն թույլ է տալիս սայթաքել, որպեսզի մենք սովորենք գնահատել այն, ինչին հասնում ենք»»,- մեջբերում է կայքը: Իր կարողությունները նա փայլուն կերպով ցուցադրեց Վոլֆսբուրգի դեմ խաղում, երբ Մխիթարյանի խփած գոլն օգնեց ակումբին հասնել մինչև Բեռլին: Ողջ մրցաշրջանի ընթացքում հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ դարձավ ինը գոլի հեղինակ և տասն անգամ աջակցեց գրոհի կազմակերպմանը:

25-ամյա կիսապաշտպանը հայտնել է, որ թիմում առաջին իսկ օրերից զգացել է թիմակիցների և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աջակցությունը:

«Ես շատ եմ խոսել Կլոպի և թիմակիցներս հետ և նրանք ասել են, որ վստահում են իմ տաղանդին: Նրանք խորհուրդ ետ տվել ազատվել այն ամենից, ինչ խոսում են մարդիկ: Առաջին իսկ օրվանից նրանք ինձ վստահություն հաղորդեցին: Դա ինձ համար մեծ օգնություն էր: Թիմակիցների հետ միասնությունը դա անհավանական»,- նշել է Մխիթարյանը: