Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013-ի մայիսի 14-ին մեծ շուքով և իրարանցումով բացված նորակառույց եկեղեցին, որին մասնակցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, բացառիկ երևույթ է հայ եկեղեցաշինության մեջ ոչ միայն իր ճարտարապետական լուծումներով, այլ նրանով, որ այդ եկեղեցին, ավելի ճիշտ՝ դրա սեփականատերը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դեմ է գնացել եկեղեցու ավանդույթներին: Իսկ այդ ավանդույթներից մեկն այն է, որ եկեղեցի կառուցելիս դրա վրա անպայման գրվում է տվյալ ժամանակաշրջանի հոգևոր հովվի, ասել է թե՝ կաթողիկոսի անունը: Գագիկ Ծառուկյանի անտեղյակությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ միտումնավոր Գարեգին Բ-ի անունը չի հիշատակվել, զերծ ենք մնում մեկնաբանություններից: Իհարկե, դա չի վրիպել կաթողիկոսի աչքից, ինչը, ըստ լուրերի, ակնհայտորեն խռովվել է նրա անդորրը, տհաճություն պատճառել: Կաթողիկոսը նույնիսկ փորձել է հետաքրքրվել, թե ինչու գրված չէ իր անունը:

 

Թե ինչ պատասխան է հնչել, էական չէ, սակայն մենք փորձեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանի պետ տեր Վահրամ Մելիքյանից պաշտոնապես տեղեկանալ կաթողիկոսի դիրքորոշմանը, նաև՝ արդյոք Աբովյանի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Մայր Աթոռի հովանու ներքո է գործում:

 

Մի քանի օր շարունակ մեզ չէր հաջողվում կապ հաստատել Տեր Վահրամ Մելիքյանի հետ: Նախ՝ երկրից նրա բացակայելու պատճառով, այնուհետև նա պարզապես ձգձգում էր պատասխանը՝ չպատասխանելով մեր զանգերին: Ի վերջո, տեր Վահրամը մեզ հետևյալն ասաց. «Ներկայումս գործընթացներ են իրականացվում, որպեսզի Սբ. Հովհաննեսը տեղափոխվի Մայր Աթոռի հովանու ներքո: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչու չկա Գարեգին Բ-ի անունը այդ եկեղեցու պատին, ապա ասեմ, որ ամեն բան նախապես Մայր Աթոռի հետ համաձայնեցված է եղել»:

 

Սույն հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև այդ եկեղեցում ծառայություն իրականացնող Տեր Արսենից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նա չնշեց անգամ, թե որքան ժամանակ է՝ այդ եկեղեցում ծառայություն իրականացնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ եկեղեցում արդեն մի քանի քահանա են փոխել. պատճառը, ըստ խոսակցությունների, եկեղեցու ներսում տիրող «գեստապոական կարգերն» են:

 

«Ես չգիտեմ, թե Տեր Արսենը որքան ժամանակ է իր ծառայությունն այդ եկեղեցում մատուցում, միայն գիտեմ, որ արդեն մի քանի հոգևորականներ փոփոխվել են այնտեղ»,- PressIdent.am-ի հետ զրույցում հաստատեց տեր Վահրամ Մելիքյանը:

 

Կաթողիկոսի անունը եկեղեցու վրա չհիշատակելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ «ոչ մի ինֆորմացիա չունի այդ հարցի վերաբերյալ»: