ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, թե հայկական բանակը պաշտպանունակ է, ունի բարձր մարտունակություն և իրեն չի մտահոգում հարևան երկրի զինվածության աստիճանը:

 

«Զինվելը ցանկացած պետության իրավունքն է, և դա նշանակում է, որ մենք էլ ունենք պատշաճ զինատեսակ: Կարո՞ղ է մեր թշնամին սպասի, որ մենք զինվենք»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազն՝ ավելացնելով. «Նախորդ իմ պաշտոնի բերումով ևս տեղեկացված եմ, որ մեր բանակը բացարձակ պաշտպանունակ է թե՛ սպառազինությունների մրցավազքի հարցում, և թե՛ ընդհանրապես: Բանակի մարտունակությունը բացարձակ բարձր մակարդակի վրա է»:

 

Անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին, մասնավորապես՝ առաջին հանրապետության տոնին, Գևորգ Կոստանյանն ասաց, թե այս օրն ինքնին ոգևորիչ է։

 

«Սա մեր ազգի խիզախության, համարձակության և հայրենասիրության դասական դրսևորման մի օրինակ է: Սա հենց ուսուցանելի է այն առումով, որ պետք է և՛ փառաբանենք նախնիներին, և՛ հետևություն անենք թե՛ այսօրվանից, թե՛ պատմության մյուս դրվագներից, և մեր անվտանգության ու բարօրության միակ երաշխիքը մեր միասնությունն է»: