Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, շոկի մեջ գցեց բանականությունը դեռևս ամբողջովին չսպառած հանրությանը: Նույն մեռելը վեց անգամ թաղելու աբրահամյանական բանաձևը հասցրեց նրան, որ կառավարությունը վերածվեց էլիտար ծերանոցի, որտեղ իրենց ծերությունն են վայելում ժամկետանց և իրենց ՕԳԳ-ն կորցրած գործիչները՝ վարչապետի բարձր հովանու ներքո: Արժե, թերևս, մեկ առ մեկ անդրադառնալ նորանշանակ վարչապետի կադրային «ֆրեշին», հասկանալու համար, որ նրա նշանակած կադրերը, ի տարբերություն իր աճեցրած լոլիկի, ծախսատար են և անպիտան:

 

Սկսենք, թերևս, կառավարության հազվադեպ երիտասարդ անդամներից մեկով, ում՝ նախարար նշանակվելու հիմքերն ու շարժառիթները ապագայի պատմաբաններին բազմաթիվ տխուր մտորումների և պատմաբանների շարքերը լքելու առիթներ կտան:

 

Երբ նախորդ վարչապետի օրոք Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, անսպասելիորեն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից, տպավորություն ստեղծվեց, որ կառավարությունը մտադիր է նոր շունչ հաղորդել մարզի զարգացմանը՝ նշանակելով երիտասարդ ղեկավար: Որոշում ընդունվեց Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին: Տիգրան Սարգսյանը ընդգծեց Գրիգորյանի լավ հատկանիշները, վերջինս, անշուշտ, խոստացավ ամեն ինչ անել՝ մարզում տեսանելի զարգացում ապահովելու համար:

 

Շուրջ կես տարի պաշտոնավարելուց հետո մարզպետ Գրիգորյանը ազատվեց աշխատանքից: Թվում էր, թե կառավարությունը շտկում է իր սխալը և պաշտոնանկ է անում մի մարդու, որը չի արդարացրել իր ղեկավարության հույսերը: Սակայն մարզպետի պաշտոնում ոչնչով աչքի չընկած Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար:

 

Ասել, թե նրա պաշտոնավարության օրոք որևէ առաջընթաց է գրանցվել մարզում՝ նշանակում է խուսափել ճշմարտության հետ ուղիղ հանդիպումից: Ընդհակառակը, բազմաթիվ էին դժգոհությունները՝ գյուղացիական տնտեսություններին զրո աջակցության հետ կապված, իսկ Արարատի ցեմենտի գործարանի սկանդալային պատմություններից հետո, երբ գործարանը փաստացի զրկվեց աշխատելու հնարավորությունից, մարզպետը ցուցաբերեց լիակատար անտարբերություն՝ առանց օրվա հացի մնացած հարյուրավոր ընտանիքների նկատմամբ:

 

Միակ փաստը, որով աչքի ընկավ նա իր պաշտոնավարման շրջանում, այն է, որ սկսեց ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից: Մամուլում համառ լուրեր էին տարածվում, որ նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատում է Հովիկ Աբրահամյանի կադրերին՝ փոխարենը նշանակելով իր մերձավորներին: Փաստը այդպես էլ չհերքվեց:

 

Հիմա ինչ է ստացվում՝ պաշտոնեական առաջխաղացում է ստանում մի մարդ, ով մարզը ղեկավարելու ընթացքում միայն արարողակարգային գործառույթներ է կատարել և որևէ դրական տեղաշարժով աչքի չի ընկել: Նման դեպքերում նրան պետք է ենթարկեին կարգապահական տույժի, սակայն նախարարի պաշտոն ստացավ: Սա՞ է արդյունավետ կառավարման հովիկաբրահամյանական բանաձևը: Ավելին, վարչապետը իր կադրային զինանոցը համալրել է մի անձով, ով իր կադրերին համարում էր անպիտան և մարզպետարանը մաքրում էր նրանցից: Սա, կարծում եմ, հետաքրքիր շտրիխներ է ավելացնում նորանշանակ վարչապետի կերպարի մեջ:

 

Կառավարական կոկտեյլի մյուս բաղադրիչներին կանդրադառնանք հաջորդիվ:

 

Վարուժան Բաբաջանյան