ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է դիմել Ռուսաստանի իշխանություններին իրեն տրամադրված ժամանակավոր ապաստանի թույլտվությունը երկարացվելու խնդրանքով, որի գործողության ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսի 1-ին:

 

«Երբ ապաստանի ժամկետը մոտենա ավարտին, այդժամ, իհարկե, ես այն երկարացնելու դիմում կներկայացնեմ»,- ասել է 30-ամյա Սնոուդենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Նա նաեւ հայտարարել է, թե իրեն հայրենասեր է համարում եւ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ: «Եթե ես կարողանայի մեկնել աշխարհի ցանկացած վայր, կընտրեի տուն վերադառնալը»,- նշել է Սնոուդենը:

 

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներին փոխանցելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության էլեկտրոնային լրտեսման ծրագրերին վերաբերող փատսաթղթերը, ինքը «գործել է ի շահ իր երկրի»: Մինչդեռ հայրենիքում Սնոուդենին մեղադրվում Է գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ, եւ նրան երկարատեւ բանտային կալանք Է սպառնում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Էդվարդ Սնոուդենը «արդատադատությունից թաքնվող անձ է», եւ կոչ է արել նրան վերադառնալ ԱՄՆ: «Այդ մարդը հսկայական վնաս է հասցրել իր երկրին»,- ասել է պետքարտուղարը: Քերիի կարծիքով, եթե Սնոուդենը հավատում է Ամերիկային, ապա պետք է հավատա նաեւ ամերիկյան արդարադատության համակարգին:

 

«Հայրենասերները չեն փախչում: Եթե Սնոուդենը ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ, ապա մենք այսօր իսկ նրան ինքնաթիռ կնստեցնենք»,- հավելել է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: