Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլ նաև աջակցություն ունի միջազգային հանրության կողմից: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: «Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվ ում են, բանակցային գործընթացը կա և կա հստակ կոնտակտ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասաց նա:

 

ՀՀ արտաքին քաղաքականության մյուս առաջնահերթությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է: «Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ, արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչների կողմից Սփյուռքի կառույցների հետ համատեղ տեղեկատվական աշխատանքների իրականացումը լինելու են առաջնահերթ քայլեր: Օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ մատնանշվեց այն հանգամանքը, որ այն երկրներում, որտեղ սերտ համագործակցություն է գնում հանձնաժողովների և դեսպանությունների միջև, մենք ունենք ռեալ արդյունք: Աշխատանքները շարունակվում են, և մենք բոլոր դեսպանություններին այս առումով ակտիվ ենք պահում, որ երկրներում, որ իրավիճակը թույլ է տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ կան երկրներ, որտեղ դժվար է այս ուղղությամբ ակտիվացում պատկերացնել:

 

Հայաստանը շարունակում է ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև, ամրապնդվում են միջկառավարական և միջխորհրդարանական կապերը, կան բավականին լավ զարգացումներ ռազմական, տնտեսական, հումանիտար համագործակցության առումով: «Մաքսային միության անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին մասնակցության վերաբերյալ որոշման համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին»,- ասաց Մանասարյանը՝ հավելելով, որ արդեն ստորագրվել է ԵՏՄ ձևավորման մասին պայմանագիրը և ակնկալվում է, որ Հայաստանը ԵՏՄ տարածքին կանդամակցի ՀՀ Նախագահի մատնանշած ժամկետներում:

 

Շարունակվում է Հայաստան-Եվրամիություն ակտիվ համագործակցությունը: «Հանրապետության նախագահի մասնակցությամբ 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակներում երկուստեք վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Եվրամիություն համապարփակ համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը, որի կապակցությամբ ընդունվել է համատեղ հայտարարություն, ստորագրվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը»,- նշեց Մանասարյանը:

 

Հայաստանը շարունակում է համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ, իսկ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: «Մենք շարունակում ենք ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դրանց առանց նախապայմանների կարգավորման սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց նա: