ՀՀ ոստիկանությունը միակ մարմինն է, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խախտման մասին որոշում չունի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մենք արդեն հայտարարություն ենք տարածել այն մասին, որ ոստիկանությունում դրական տեղաշարժեր են նկատվում: Այստեղ լսում են մեզ և ցանկություն ունեն խնդիրները միասին լուծել»,- ասաց Անդրեասյանն՝ ընդգծելով, որ դրական տեղաշարժեր են նկատվում նաև Արդարադատության նախարարության գործելաոճում:

 

Այնուամենայնիվ, Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ իրավապահ համակարգում ամեն ինչ որոշողը դատախազությունն ու դատարանն են, որոնց աշխատանքում խնդիրները բազմաթիվ են, ինչի մասին էլ վկայում է այն հանգամանքը, որ քաղաքացիների դիմում-բողոքների մեծ մասը վերաբերում է հենց իրավապահ համակարգին և կոնկրետ դատախազությանն ու դատարաններին: «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում և առաջիկայում դրանց մասին կբարձրաձայնենք»,- նշեց Անդրեասյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակը 2013թ. կայացրել է 60 խախտման մասին որոշում, ինչը երկու անգամ գերազանցել է 2012թ. ցուցանիշը: