Չկա մի երկիր, որի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամենօրյա ռեժիմով բաց լինի մամուլի և հասարակության համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ արտաքաին գործերի նախարարությունն Աստանայում տեղի ունեցած նիստից հետո պատշաճ տեղեկատվու թյուն չի հաղորդում նիստի վերաբերյալ և չի մեկնաբանում տեղի ունեցածը:

 

«Եթե կա բանակցություն, ապա ակնհայտ է, որ պետք է հրապարակվեն այդ բանակցային գործընթացի արդյունքները, ոչ թե դրա ընթացքը: Ակնհայտ է, որ քաղաքական շահերը պահանջում են, որպեսզի բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասներ չհարապարակվեն»,- ասաց նա:

 

Նա ընդգծեց, որ վերը նշվածն արդեն տարածված պրակտիկա է՝ Հին Հռոմից սկսած մինչև մերօրյա առաջադեմ և ժողովրդավար երկրները: «Ես չեմ բացառում, որ դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանները գիտեն իմ գործընկերները, այդ թվում նաև ես, բայց բնական է, որ տվյալ պահին, ելնելով հանրության շահից, այդ մանրամասնության հրապարակման կարիքը չկա»,- նշեց Աշոտյանը:

 

Աշոտյանը վստահեցրեց, որ հանրությունից թաքուն որևէ որոշում չի կայացվել և չի էլ կայացվի, ուղղակի արտաքին քաղաքականության պարագայում աշխատանքը երբեմն պահանջում է ավելի կոնֆիդենցիալ լինել: