Ուկրաինայի իրադարձություններից հետո Արեւմուտքի վերաբերմունքն ավելի է սրվել Սիրիայի հանդեպ, եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմադիրների հզորացման գործընթացներ են ընթանում: «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, այս խոսքերի ապացույցը ԱՄՆ որոշումն է' խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Ըստ Հարությունյանի, Սիրիայի շուրջ ընթացող պատերազմը շատ հաճախ ստանում է ոչ ճիշտ անվանում, քանի որ «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունը բնորոշ չէ այսօրվա իրավիճակին:

 

«Իշխանությունները պատերազմում են ընդդեմ տարբեր ուժերի վարձկանների: Սա բազմաբեւեռ պատերազմ է, քանի որ, այսպես կոչված, ընդդիմադիրների կողմից պատերազմին մասնակցում է Սիրիայի քաղաքացիների 15 տոկոսը: Սա առաջին բազմաբեւեռ պատերազմն է' մի կողմից Սիրիա-Իրան տանդեմն է' Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությամբ, մյուս կողմից Արեւմուտքն է' ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների մասնակցությամբ: Այս առումով շատ ակտիվ դերակատարում ունի Թուրքիան»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ էլ դասական ընդդիմություն Սիրիայում չկա, եւ իշխանության դեմ պայքարում են տարբեր ահաբեկչական միավորումների ներկայացուցիչներ: Անդրադառնալով հունիսի 3-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին, Մարուքյանը շեշտեց, որ Ասադի պարտությունը կլինի այդ երկրում քրիստոնյա ժողովրդի վախճանը: