Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել կրկին հարցաքննել գործի երկու մասով վկաների, որոնց ցուցմունքները շատ կարևոր են դատաքննության համար: Մասիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը: «Այս պահի դրությամբ ընթանում են դատաքննական լսումներ, հարցաքննվում են տուժածները: Իսկ այն անձանց հարցաքննությունը, ովքեր ներկա փուլում չեն կարող մասնակցել դատաքննությանը, իրականացվում է նախաքննության փուլում տրված գրավոր ցուցմունքների հիման վրա:

 

Ընդհանուր առմամբ փաստաբանները դեմ չեն այդ ընթացակարգին և միայն երկու խնդիր են բարձրացնում, որ գրավոր ընթացակարգով չհարցաքննվեն ոստիկանները, ովքեր ներգրավված են Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ մեղադրող գործով, և և ավտովթարի ժամանակ բեռնատարի հետևից ընթացող մեքենայի վարորդը: Այս երկու մասով վկաներն են, որոնց ցուցմունքները փաստաբանները կարևորում են և պահանջում անձամբ քննել նրանց' չհիմնվելով նախաքննության ընթացքւմ տրված ցուցումների վրա»,- պարզաբանեց Թումանյանցը: Նրա խոսքով' Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, և նա, ընթացակարգի համաձայն, ամիսը մեկ ենթարկվում է բժշկական զննություն:

 

Ասուլիսին ներկա էր նաև Հրաչյա Հարությունյանի դուստրը' Լիլիթ Հարությունյանը, ով հայտնեց, որ չնայած տեսակցության թույտվությանը, հեռախոսով չի թույլատրվում շփվել Հրաչյա Հարությունյանի հետ: Ընտանիքի անդամները նրա հետ կապ են պահպանում փաստաբանի և մարդու իրավունքների պաշտպանի միջոցով:

 

Անդրադառնալով զոհերի հարազատների պահանջած դրամական փոխհատուցմանը' Լիլիթ Հարությունյանը նշեց, որ իրենք սպասում են դատարանի որոշմանը: «Տեղյակ եմ, որ զոհերի հարազատները դրամական փոխհատուցում են պահանջում և, բնականաբար, կողմ եմ դրան: Ես չպետք է որոշեմ' ճիշտ է դա, թե ոչ, սակայն դա կորոշի դատարանը, դատարան էլ կորոշի ամեն մեկի հասանելիքը»,- նշեց Լիլիթ Հարությունյանը' հավելելով, որ հստակ չէ, թե որքան գումարի մասին է խոսքը, և թե ինչպես են վճարելու փոխհատուցվող գումարը: