Եվրամիությունը 25 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, որից 20 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 միլիոնը' տեխնիկական աջակցություն: Այս մասին «Կայունությունից դեպի զարգացում» խորագրով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Եվրամիության հայաստանյան առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Նա հույս հայտնեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

 

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է: Դրա համար ողջունելի է , որ Հայաստանի կառավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը: Հատկապես կարևոր է կանանց դերը ոլորտի զարգացման մեջ, քանի որ գյուղական բնակավայրերից տղամարդիկ հաճախ են մեկնում արտասահմանում աշխատելու, իսկ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ»,- ասաց Հրիստեան:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ևս շեշտեց գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը' նշելով, որ երկրի բարեկեցությունն ու առաջընթացն անհնարին է առանց զարգացած գյուղատնտեսության: «Դրա համար առաջիկա տարիներին մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, որ տեսանելի առաջընթացի հասնենք այս ոլորտում: Գյուղատնտեսությունը մեզ համար միայն տնտեսության ճյուղ չէ, այլև բնակչության համաչափ զարգացման, զբաղվածության ապահովման և այլ կարևոր գործառույթներ ունի»,-ասաց Գևորգյանը: