Պոլոյի, թենիսի, ռեգբիի, հանդբոլի, հոկեյի, վոլեյբոլի հավաքականների կողքին Ալժիրն ունի նաև ֆուտբոլի արժանավոր ընտրանի: Ալժիրի հավաքականը երրորդն է աֆրիկյան մայրցամաքի ընտրանիների մեջ: «Կանաչներից» առաջ են միայն Կոդ դը Իվուարի և Եգիպտոսի հավաքականները:

Ըստ վիճակագրության' Ալժիրի հավաքականը յուրաքանչյուր խաղում խփում է 1,23, իսկ բաց է թողնում 1,09 գոլ: Անցկացրած 562 խաղերում ալժիրցիները հաղթել են 220-ում, պարտվել' 189-ում, իսկ 153-ն ավարտել են ոչ-ոքի: Ընդհանուր հաշվարկով Ալժիրի ֆուտբոլիստները խփել են 694 և բաց թողել 610 գնդակ: Ալժիրի հավաքականն իր վերելքն սկսեց ոչ վաղ անցյալում' 2009 թվականի ավարտին, ավելի բարձր վերելք ապրեց 2012 թվականին:

Մունդիալներին Ալժիրը մասնակցել է ընդամենը 3 անգամ, իսկ ահա բրազիլականը կլինի 4-րդը: 1982 (Իսպանիա) և 1986 (Մեքսիկա) թվականների առաջնություններում «կանաչները» մնացին խմբային փուլում: Նույն սցենարը կրկնվեց նաև 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ի ժամանակ: Հայտնվելով C խմբում' Ալժիրը վերջին տեղում էր մեկ միավորով' իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ի, Անգլիայի և Սլովենիայի հավաքականներին: Միակ զրոյական ոչ-ոքին աֆրիկացիները գրանցեցին Անգլիայի ընտրանու դեմ անցկացրած հանդիպման ժամանակ:

Այս մունդիալում Ալժիրը H խմբում է' Ռուսաստանի, Բելգիայի և Հոնդուրասի թիմերի հետ: Թե ռուսները և թե աշխարհի առաջնության որակավորման փուլում ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրած բելգիացիները իրենց վարկանիշով առաջ են «կանաչներից»:

Ալժիրի հավաքականի «խաղը կառուցող» ֆուտբոլիստները կլինեն Մադջիդ Բուգերան, Իսլամ Սլիմանին, Սոֆիան Ֆեգուլին: Սլիմանին այժմ հանդես է գալիս պորտուգալական «Սպորտինգում»: Նա պորտուգալական ակումբի շարքերը համալրեց ԱԱ-ի որակավորման փուլում ցուցադրած խաղից հետո: Մինչ այդ, Սլիմանին հանդես էր գալիս «Բուլիզդատում» (Ալժիր): Ֆեգուլին Ֆրանսիայում ծնված, ծագումով ալժիրցի այն ֆուտբոլիստն է, ում համեմատում են Զինեդին Զիդանի հետ:

Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականը ԱԱ-ի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20-00-ին:

Իսկ մունդիալ-2014ին Ալժիրը կներկայանա հետևյալ ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ' Ազեդին Դուհա («Էլ Խարաշ»), Մոհամեդ Զեմամուչե («Ալժիր»), Ռաիս Մբոլի («ԲԿՄԱ», Բուլղարիա), Սեդրիկ Սի Մոհամեդ («Կոնստանտինա»)

Պաշտպաններ' Էսաիդ Բելկալեմ («Ուոթֆորդ»), Մաջիդ Բուգերա («Լեխվիա»), Լիասինե Կադամուրո («Մալյորկա»), Ռաֆիկ Խալիշ («Ակադեմիա»), Աիսա Մանդի («Ռեյմս»), Կառլ Մեջանի («Վալենսիա»)

Կիսապաշտպաններ' Ֆաուզի Գուլյամ («Նապոլի»), Մեհդի Մոստեֆա («Այաչո»), Ջամել Մեսբա («Լիվորնո»), Նասեր Խուադել («Ալժիր»), Ռիդ Բուդեբու («Բաստիա»), Յասին Բրաիմի («Գրանադա»), Աբդելմումենե Ջաբու («Աֆրիկեն»), Սոֆիան Ֆեգուլի («Վալենսիա»), Ադլեն Գադիուրա («Քրիստալ Փելաս»), Ամիր Կարաուի («Սետիֆ»), Մեհդի Լասեն («Խետաֆե»), Ռիադ Մահրեզ («Լեսթեր»), Սաֆիր Տայդեր («Ինտեր»), Հասան Յեբդա («Ուդինեզե»)

Հարձակվողներ' Նաբիլ Բենտալեբ («Տոտենհեմ»), Ֆուեդ Կադիր («Ռեն»), Ռաֆիկ Ջեբուր («Նոթինգեմ»), Նաբիլ Գիլաս («Պորտու»), Իսլամ Սլիմանի («Սպորտինգ»), Էլ-Արբի Սուդանի («Դինամո», Զագր եբ)։

Գլխավոր մարզիչն է Վահիդ Հալիլհոջիչը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Ալժիրն զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 12 ՕՐ: