Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս կապակցությամբ հայտարարություն է արել Ադրբեջանում Եվրամիության գրասենյակի ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, մեկնաբանելով վերջին շրջանում շփման գծում իրադրության սրացումը' նա ասել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, զինվորականների ու քաղաքացիական անձանց սպանություններն ու վիրավորվելը անհրաժեշտություն են ստեղծում իրական քայլեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

 

Մալենա Մարդն ընդգծել է, որ 20 տարվա ընթացքում հակամարտության կարգավորման բացակայությունն ինքնին մտահոգիչ է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի հետ: Քանի որ մեկ զոհը հանգեցնում է մի քանի զոհերի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: