Արմավիր քաղաքն այսուհետև կունենա իր հոգևոր կենտրոնը, որը մարզկենտրոնի առաջին բազիլիկ եկեղեցին է և կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց հոգևոր տան առաջին պատարագին և դրան հաջորդող տոնական միջոցառմանը:

 

Եկեղեցու կառուցման հովանավորը ծնունդով արմավիրցի Կարեն Մկրտչյանն է, ով երկու տասնամյակից ավելի բնակվում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում և տեղի հայ համայնքի նախագահն ու Հայ Առաքելական եկեղեցու ատենապետն է: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ եկեղեցի կառուցելու ցանկություն ունեցել է 17 տարի առաջ, սակայն հանգամանքների բերումով չի հաջողվել գործն ավարտին հասցնել: «Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հաջողվեց այսօր իրագործել իմ երազանքը: Իմ կյանքում չկա ավելի մեծ ուրախություն, քան սիրել Աստծուն, և ավելի մեծ պատիվ, քան ժողովրդին ծառայելը: Այսօր իմ խիղճը ահնգիստ է և ուրախությունս' լիակատար, սակայն դա չի նշանակում, որ սրանով պետք է բավարարվել: Ուրախ եմ նաև, որ արմավիրցիներն այսուհետ իրենց քաղաքում կունենան հոգևոր կենտրոն: Եկեղեցին միայն շինությունը չէ, եկեղեցին նախ և առաջ այստեղ հավաքվածների հավատն է»,-ասաց բարեգործը:

 

Եկեղեցում կայացած առաջին պատարագից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ քաղաքն արդեն 83 տարեկան էր, սակայն այնտեղ դեռ չկար հոգևոր կենտրոն: «Խորհրդային տարիներին հնարավոր չէր եղել այստեղ եկեղեցի կառուցել, և չափազանց ուրախալի է, որ այսօր արմավիրցիներն ունեցան իրենց հոգևոր կենտրոնը: Մարզպետարանի տարածքում մեզ ևս հողատարածք է հատկացված և հույս ունեմ, որ այտեղ ևս մի օր կունենանք եկեղեցի»,- ասաց Սիոն Եպիսկոպոս Ադամյանը:

 

Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբեր 17-ին: Դրա ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է, ով բարերար Կարեն Մկրտչյանի մանկության ընկերն է եղել: Նա լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց բազիլիկ եկեղեցու առանձնահատկությունները' նշելով, որ դրանք եկեղեցու ավելի հասարակ ձևերն են: «Բազիլիկ եկեղեցիներ հիմնականում կառուցվում են այն ժամանկ, երբ ուշադրություն է դարձվում ոչ այնքան եկեղեցու շքեղությանը, որքան հոգևոր բովանդակությանը: Այսպիսի եկեղեցիներ մարզում շատ կան, սակայն Արմավիր քաղաքում սա առաջինն է: Ի տարբերություն գմբեթավոր եկեղեցիների բազիլիկ եկեղեցին իր կառուցվածքով ավելի պարզ է »,-ասաց ճարտարապետը:

 

Պատարագին հաջորդած տոնական միջոցառման ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շնորհակալություն հայտնեցին Կարեն Մկրտչյանին եկեղեցու կառուցման նախաձեռնության և իրականացման համար, և քաղաքապետը նրան շնորհեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում և մեդալ: