Հայաստանի քաղաքացիների վրա ճնշումներ չեն լինի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմումներ գրելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Կառավարությունը բացառում է նման դեպքերը, որ քաղաքացիների վրա կարող են ճնշումներ գործադրվել դիմում գրելու հարցում: Համապատասխան օրենքն արդեն մտել է ուժի մեջ և բոլոր քաղաքացիները, ովքեր դիիմում կգրեն, կազատվեն պարտադիր կուտակային համակարգից»,-ասաց նախարարը:

 

Դիտարկմանը, թե տարբեր դպրոցներում և համալսարաններում արդեն ճնշումներ են գործադրվում քաղաքացիների վրա, նախարարը նշեց, որ ինքն այս պահին նման տեղեկատվություն չունի: «Եթե հստակ փաստեր լինեն ճնշումների վերաբերյալ, մենք այդ հարցին կանդրադառնանք: Յուրանքանչյուր կոնկրետ դեպք քննության առարկա կլինի»,- վստահեցրեց նախարարը:

 

Նա նաև նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան աշխատակիցներ, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներ են, սակայն այս պահին ինքը չունի նման տեղեկություն, որ նրանցից որևէ մեկը ցանկություն ունի հրաժարվել համակարգին մասնակցությունից: «Ես կարծում եմ, որ սոցիալական ոլորտի աշխատողներն ավելի լավ են պատկերացնում այս բարեփոխման էությունը, և դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել համակարգից»,- ասաց Ասատրյանը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ բոլոր այն աշխատողները, ովքեր չեն ցանկանում մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, կարող են գործատուին համապատասխան դիմում գրելու միջոցով մինչև նոր լրամշակված օրենսդրական փաթեթի ընդունումն ազատվել պարտադիր կուտակային վճարներից: