ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով ձկնաբուծության ոլորտում ստուգումներ կանցկացվեն, որպեսզի կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը:

 

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի մտահոգությանը, թե ջրային ռեսուրսների նվազումը կարող է հանգեցնել ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի պակասին կամ, առհասարակ, վերացմանը: «Անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծության ոլորտում, որ կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը: Տարիներ առաջ, երբ շատերը պատրաստակամություն հայտնեցին զբաղվել ձկնարտադրությամբ, բոլորս ողջունեցինք, բայց մենք այսօր տեսնում ենք, որ խնդիրներ կան: Սա նշանակում է, որ ծրագիրն իրականացնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել»,-հայտարարեց նախարարը:

 

Մինչդեռ խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է այս ոլորտում վարչապետի ունեցած ուղղակի շահերի հետ: ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վարչապետը Հայաստանի խոշոր ձուկ արտադրողներից է (պանրի արտադրության ոլորտում նրա ներգրավվածության մասին տեղեկություններ չունեմ) և վաղուց է տարաբնույթ մանևրների միջոցով փորձում խեղդել ոլորտը և գերշահույթներ ստանալ: Դեռ ընդամենը մեկ ամիս առաջ խոսվում էր ոլորտը լիցենզավորելու մասին. ջրի խնայողության մասին, ինչպես տեսնում եք, խոսք չկար: Լիցենզավորման դեմ բողոքեցին ոլորտի մասնագետները:

 

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը, օրինակ, հիմնավորեց, որ ձկնարտադրության ոլորտում լիցենզավորման օրենքով Հայաստանում 80% ձկնարտադրողների կորուստ կլինի:

 

«Լիցենզիայի մեջ մտնում է բարձր գին, ջրի խնայում, տեխնոլոգիական արտադրամիջոցներ, որոնք մեր հնարավորություններից վեր են»,-ասել է նա:

 

Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները Հայաստանում իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ՝ անհասկանալի հայտարարությունների միջոցով. տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ է պետք իրականացնել և ինչպես: Ոլորտի կամայական և առանց տնտեսվարողների հետ համաձայնության գալու կարգավորումը չի կարող ցրել կասկածները, որ օրենսդրական նախաձեռնությունները միտված են մեկ անձի բարեկեցությանը:

 

Հակառակ պարագայում մենք ականատես կլինեինք իրական քննարկումների և փոխզիջումների:

 

Եվ այս նախագծից հետո, հավանաբար մարդկանց ունեցվածքից զրկելու գործընթացը հումանիտար փաթեթավորման ենթարկելու համար, Հովիկ Աբրահամյանը հրապարակ է նետել նոր թեզիսներ՝ ջրի խնայողության վերաբերյալ: Թող որպես առաջին քայլ փակի իր ձկնաբուծարանները, ոչ թե օրենքի ուժով իր ենթակայության տակ վերցնի ոլորտի մենաշնորհը:

 

Լոլիկի գործի եկամտաբերությունը, երևի, նվազել է...

 

Վարուժան Բաբաջանյան