Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտը Երեխաների միջազգային օրը' հունիսի 1-ին հրապարակել է երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց հիվանդացության եւ մահացության ոլորտում գործերի վիճակի մասին զեկույց, որի համաձայն' Ադրբեջանում յուրաքանչյուր երկու ժամվա ընթացքում մեկ երեխա է մահանում: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

 

Ադրբեջանում երեխաների թիվը կազմում է բնակչության մոտ 30 տոկոսը: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում մոտ 3 մլն երեխա կա:

 

Ադրբեջանում մանկահասակ երեխաների մեջ դիտվող մահվան դեպքերի լայն տարածվածությունը շարունակում է խնդիր մնալ, այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է «նմանը չունեցող զարգացման տեմպերի մասին»:

 

«Սա համակարգի հետ կապված խնդիր է, որպես Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտ, լիազորված չենք հասցեագրել այս խնդիրը պայմանավորող պատճառներից յուրաքանչյուրը», -նշված է զեկույցում:

 

Զեկույցում փաստվում է, որ երեխաների ընդհանուր թվի մեկ չորորդը տառապում է սակավարյունությամբ' անեմիայով, ինչը երեխաների սնվելու հետ կապված լուրջ խնդիրների առկայության հետեւանք է: Անեմիան հանգեցրել է նաեւ ադրբեջանցի երեխաների մեջ կարճահասակության տարածվածությանը, ինչը նկատվում է յուրաքանչյուր չորս երեխայից մեկի մոտ:

 

Ինստիտուտին անհանգստացնող հարցերից է այն, որ 10 հազարից ավելի երեխաներ բնակվում են պետական հաստատություններում, որոնց մեծամասնությունը մեկ կամ երկու ծնող ունեն: Մինչեւ 50 տարեկան կանանց մեկ երրորդից ավելին 18 տարեկան չհասած, որոշ դեպքերում էլ 13 կամ 14 տարեկանում ընտանիք կազմողներն են, ինչի պատճառով Ադրբեջանում մեծ է նորածինների մահացության, ինչպես նաեւ հիվանդ եւ հաշմանդամ երեխաներ ծնվելու մակարդակը: Յուրաքանչյուր 5 երեխաներից 4-ը բարձրագույն հաստատությունների ընդունելության քննություններից 300-ից ցածր միավոր է հավաքում (առավելագույն մ իավորը 700 է), ինչը խոսում է Ադրբեջանում ցածր կրթական մակարդակի մասին: Ամեն տարի Ադրբեջանում օնկոլոգիական հիվանդությամբ հիվանդանում է 300 երեխա, որոնց 20 տոկոսը չի առողջանում: Օնկոլոգիական հիվանդությունները հիմնականում նկատվում են 3-10 տարեկան երեխաների մոտ: Ադրբեջանում մահացող երեխաների վիճակագրություն չի անցկացվում: Հստակ վիճակագրություն չի անցկացվում նաեւ ինքնասպանության դիմող երեխաների համար: 2004 թ. ինքնասպանություն են գործել 35 երեխա:

 

Ըստ զեկույցի, Ադրբեջանում երեխաների վիճակի հետ կապված գլխավոր խնդիրներից մեկն էլ երեխաների առեւտուրն է: Վերջին տարիներին անհանգստացնող է դարձել ծնողների կողմից երեխաներին բռնության ենթարկելու դեպքերի թվի աճը: Ներկայում Ադրբեջանում 20 հազարից ավելի երեխա գտնվում են ինտերնատներում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն' 2014 թ. հունվարից Ադրբեջանում նվազագույնը 123 մարդ ինքնասպանություն է գործել, որոնցից 16-ը մինչեւ 18 տարեկան անչափահասներ են եղել: 2013 թ. Ադրբեջանում ինքնասպանություն են գործել 26, 2012 թ.' 38 անչափահասներ: