ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր գոհունակությունն է արտահայտել մինչ օրս Արդարադատության նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: Բուզետտոն անդրադարձել է գյուղական համայնքներում իրականացվող իրավաբանական անվճար օգնության ինստիտուտի զարգացմանը՝ նշելով, որ ԵՄ–ն այդ ուղղությամբ պատրաստ է աջակցություն տրամադրել:

 

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է ոլորտի ներկա և իրականացվելիք բարեփոխումները և տեղեկացրել, որ Կառավարության ծրագրային դրույթներից մեկն ուղղված է մարզերում անվճար իրավաբանական օգնությունն ուժեղացնելուն: Կողմերն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումներին ու դրանց շուրջ անցկացվող հանրային քննարկումներին:

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել բարեփոխումների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների համար: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այն զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն: