Հոնդուրասը Կենտրոնական Ամերիկայի երկրորդ խոշոր պետությունն է, առաջինը Նիկարագուան է: Հոնդուրասցիները երկու տարերք ունեն' ֆուտբոլը և քաղաքականությունը: Տնտեսապես աղքատ այդ երկրի ազգային թիմի ֆուտբոլիստները հերոսներ են համարվում, և արտոնյալ են իրենց երկրում: Չնայած ԱԱ-ին մասնակցող 32 հավաքականների շարքում Հոնդուրասը հետնապահների շարքում է, սակայն նույն հաջողությամբ այս հավաքականը կարող է անակնկալ մատուցել իր խմբի ընտրանիներին' Շվեյցարիային, Էկվադորին և Ֆրանսիային: Այս ամենից զատ, հոնդուրասցիների երկրպագուները խոստացել են Բրազիլիայում կայանալիք խաղերի ժամանակ լինել թիմի 12-րդ խաղացողը:

Մունդիալ-2014-ը հոնդուրասցիների համար կլինի 3-րդը: 1982 թվականին Իսպանիայում անցկացված աշխարհի առաջնությունում այս թիմին բաժին էին ընկել Իսպանիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Հարավսլավիայի հավաքականները: Հայտնվելով այս խմբում' Հոնդուրասը մնաց վերջինը: Հարավաֆրկյան Հանրապետությունում կայացած Մունդիալում Հոնդուրասը կրկին խմբի հետնապահն էր' մեկ միավորով:

Բավականին հետաքրքիր վիճակագրություն ունի Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականը: Կենտրոնական ամերկացիները յուրաքանչյուր խաղի ժամանակ խփում են 1,57 գոլ, իսկ բաց են թողնում 1,22-ը: Իրենց անցկացրած 499 խաղերից 216-ում Հոնդուրասի թիմը հաղթել է, ոչ-ոքի է խաղացել 125-ում և պարտվել' 158-ում: Ընդհանուր հաշվարկով հոնդուրասցիները խփել են 781 գնդակ, իսկ սեփական դարպասն ընդունել 611-ը:

Հոնդուրասի հավաքականի կազմում խաղը կառուցող ֆուտբոլիստներ են համարվում Ռոժեր Էսպինոզան, Կառլոս Կոստին, Էմիլիո Իզագուերոն: Հոնդուրասի հավաքականի «մարտական ոգին» է թիմի ավագ և դարպասապահ Նոյել Վալյադարեսը: Վերջինս թիմի կազմում է 2000 թվականից և մինչ օրս փորձում է անառիկ պահել այն' իր անցկացրած 122 հանդիպումներում:

Հոնդուրասցիներից Բրազիլիա կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ' Նոյել Վալյադարես («Օլիմպիա»), Դոնիս Էսկոբար («Օլիմպիա»), Լուիս Լոպես («Ռեալ Իսպանիա»)

Պաշտպաններ' Բրայան Բեկելես («Օլիմպիա»), Էմիլիո Իզագուերե («Սելտիկ»), Խուան Կառլոս Գարսիա («Ուիգան»), Մայնոր Ֆիգուերո («Հուլ»), Վիկտոր Բերնանդես («Սան Խոսե»), Օսմար Չավես («Ջանուն»), Խուան Պաբլո Մոնտես («Մոտագուե»)

Կիսապաշտպաններ' Առնոլդ Պերալդա («Ռենջերս»), Լուիս Գարիդո («Օլիմպիա»), Ռոջեր Էսպինոզա («Ուիգան»), Խորխե Կառլոս («Մոտագուա»), Վիլսոն Պալասիո («Շտոկե»), Օսկար Գարսիա («Հյուսթոն»), Էնդի Նայար («Անդերլեխտ»), Մարիո Մարտինես («Ռեալ Իսպանիա»), Մարվին Չավես («Չիվաս» ԱՄՆ)

Հարձակվողներ' Ջերի Բենգստոն («Նյու Ինգլանդ»), Ջերի Պալասիո («Ալայուելենսե»), Կառլո Կոստի («Ռեալ Իսպանիա»), Ռոնի Մարտինես («Ռեալ Սոսյեդատ»):

Գլխավոր մարզիչն է Լուիս Ֆերնանդո Սուարեսը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հոնդուրասը զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 9 ՕՐ