ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 


Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին' 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու և բացատրություն վերցնելու նպատակով:

 


Նույն օրը' ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ:

 


Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաև ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետև Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս' պատճառելով մարմնական վնասվածքներ:

 


2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաև Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ ևս վերջիններս բռնություն են գործադրել' պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Գրիգորյանն Արսեն Հայրապետյանին սպառնացել է, որ Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելու դեպքում թույլ չի տա գնալ տուն:

 


Տեղեկություններ կորզելու նպատակով Վ. Գրիգորյանը, առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյաններին տևական ժամանակով ապօրինի պահել է անազատության մեջ' դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանին, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանին և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ասենք, որ մինչդատական վարույթում Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի և Կարեն Հարությունյանի նկատմամբ' ստորագրություն չհեռանալու մասին:

 


Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: