Սիրիայում կեսգիշերին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, Սիրիայի քաղաքացիները հունիսի 3-ի տարբեր ժամերին՝ առավոտյան և կեսօրից հետո, մեծ ակտիվություն են ցուցաբերել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 5 ժամով երկարաձգվել է ընտրությունների ընթացքը: Սիրիայի ընտրությունների արդյունքների մասին կհայտարարվեն 24 ժամից ոչ շուտ: ԿԸՀ-ի նախագահ Հիշամ աշ Շաարը նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն միաժամանակ, որևէ նախնական արդյունք չի հրապարակվի:

 

Սիրիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իր քաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասնակցելու համար:

 

Սիրիայում հունիսի 3-ի առավոտյան բացվել են 9601 ընտրատեղամասերը, որոնցից 5235-ը Դամասկոսում և Հալեպում են, և մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: Սիրիայում երկրի նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով: