Կառավարության նիստում այսօր բացասական եզրակացություն տրվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:

 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի պատասխան հարցի, թե ինչու չընդունեցին նախագիծը, չէ որ «Դ!եմ եմ»-ի պահանջն էլ է պարտադիր բաղադիչը հեռացնելը, ասաց. «Այդ նախագծով որևէ կարգավորում չէր տրվում առկա իրավիճակին, հետևաբար ամբողջական կարգավորում տալու համար պետք է մշակվի ամբողջական փաթեթը»:

 

Ինչ վերաբերում է լուրերին, թե դիմում գրողներին ստիպում են նաև աշխատանքից ազատվելու դիմում գրել, ապա նախարարն ընդգծեց. «Որևէ այդպիսի վախ չպիտի լինի, չկա այդպիսի խնդիր, կա ընդունված օրենք, և օրենքին համապատասխան՝ յուրաքանչյուր կողմն իր իրավունքները պետք է իրականացնի»:

 

Արտեմ Ասատրյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն, բողոքներ չեն ստացել, եթե ունենան' կզբաղվեն: