Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ստատուս քվոն տարբերակ չէ, և ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի հետ պետք է փորձի քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն: Նման հայտարարություն արեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը հունիսի 4-ին Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Նա նշեց, որ Շվեյցարիան, ԵԱՀԿ նախագահության շրջանակներում, փորձելու է ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել միջադեպերի հետախուզման ռեժիմն ու երկխոսությունը:

 

«Մենք աջակցում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը երկու երկրների նախագահներին՝ հանդիպելու Ֆրանսիայում, ինչը նշանակում է, որ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ, որտեղ կառուցվածքային նոր բանակցություններ կարող են լինել ու կարող են հանգեցնել հաշտության կնքման: Դա պետք է լինի Մադրիդյան սկզբունքների և Միջազգային իրավունքի հիման վրա»,- ասաց նախագահը:

 

Դիդիե Բուրկհալտերը նշեց, որ իրենք հանուն խաղաղության կարող են աջակցել երկու երկրների միջև մթնոլորտի բարելավմանը: «Խաղաղության տարածումն այն արժեքներից մեկն է, որ ամրագրված է մեր Սահմանադրության մեջ»,- ասաց նա: