Կուտակային կենսաթոշակային համակարգով աշխատավարձերից պահումներ չկատարելու համար դիմում գրելիս մարդկանց մոտ որևէ վախ չպետք է լինի, որովհետև չկա այդպիսի խնդիր: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Դիտարկմանը, թե դիմում գրողներին ստիպում են նաև աշխատանքից ազատվելու դիմում գրել, նախարա րը նշեց. «Կա ընդունված օրենք և դրան համապատասխան յուրաքանչյուր կողմ իր իրավունքները պետք է իրացնի: Եթե կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա հստակ կզբաղվենք խնդրով»: Արտեմ Ասատրյանն ասաց նաև, որ իրենք նման բողոքներ չեն ստացել:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ բոլոր այն աշխատողները, ովքեր չեն ցանկանում մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, կարող են գործատուին համապատասխան դիմում գրելու միջոցով մինչև նոր լրամշակված օրենսդրական փաթեթի ընդունումն ազատվել պարտադիր կուտակային վճարներից: